Հրդեհված անտառներ. արջերը փախել են, սողուններն ու թռչունները՝ այրվել. լուսանկարներ
Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի տարածքում օգոստոսի 10-ից բռնկված հրդեհն այրել է 670 հա, որի 370-ը՝ անտառային հողեր են, 256-ը՝ բուն անտառածածկ տարածք: Ընդ որում, 202 հա-ն գիհի անտառներն են, իսկ գիհի ծառը բնական ճանապարհով չի վերականգնվում: Այս մասին հայտնում է ՚՚Ա1+՚՚-ի թղթակիցը Արտավանից:
Ենթադրվում է, որ անտառի բնակիչները՝ գորշ արջը, նապաստակը և մյուս խոշոր կաթնասունները փախել են, իսկ սողուններն ու մկները, ինչպես նաև շատ թռչուններ՝ այրվել: Մասնագեներն ասում են, որ կենդանիները բնակավայրեր չեն հասնի, նրանք արդեն այլ անտառներում են:
Վայոց Ձորի անտառտնտեսության պետ Մուրադ Հարությունյանը մեր թղթակցին պատմել է, որ հրդեհի ժամանակ լսվել են բազեների, արծիվների սարսափազդու ձայներ. շատ հնարավոր է, որ նրանք չեն կարողացել փրկել իրենց ձագերին:
Այստեղ այրվել են էլեկտրասյուները, դրանք դեռ մխում են. ինչպես արդեն նշել ենք, գյուղը հրդեհի արդյունքում զրկվել էր հոսանքից:
Մասնագետները այրված հատվածները օղակի մեջ են առել, որպեսզի որևէ կայծ չտարածվի:
Կրակ մեկուսացնող սահմանը




Արջի հետքը
Փռվող գիհին գրանցված է Կարմիր գրքում
Ինչպես ավելի վաղ հայտնել է shamshyan.com-ը, ոստիկանության Ջերմուկի բաժին են բերման ենթարկել Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի բնակիչ, 43-ամյա Կարեն Հակոբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է անզգուշաբար Արտավան գյուղի անտառային տարածքում հրդեհ առաջացնելու մեջ:
Մեր թղթակիցը հայտնում է, որ գյուղում կասկածյալների մասին տեղեկություն չունեն:
