«Հանրային պաշտպանը պահեք Սերժ Սարգսյանի եւ իր բանդայի համար». Ժ. Սեֆիլյան
Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժ. Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական նիստը, որի մեկնարկին ոստիկանների ուղեկցությամբ դատարան բերվեց Ժ. Սեֆիլյանը: Նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, թե քանի որ Սեֆիլյանի պաշտպանները չեն ներկայանում նիստին, դատարան են հրավիրել հանրային պաշտպանի, ով այսուհետ պետք է ներկայացնի Ժ. Սեֆիլյանի շահերը, ու այդ կապակցությամբ ճշտեց Ժիրայր Սեֆիլյանի դիրքորոշումը: «Ես նախ ուզում եմ կոչ անել Վարդան Գերավետյանին ու Տիգրան Մանուկյանին դադարեցնել հացադուլը. իրենք մեզ ողջ-առողջ են պետք, ու ժողովուրդն իրենց սպասում է, թող չկասկածեն, որ առաջիկայում միասին տակավին մեծ գործ ունենք անելու՝ մեր պատկերացրած ազգային պետությունը ստեղծելու հարցում »,- հայտարարեց Ժ. Սեֆիլյանը: «Ես որևէ անձնական պրոբլեմ չունեմ պարոն Բեգլարյանի հետ, հարգում եմ նրան՝ առանց ճանաչելու նույնիսկ: Ձեր տեսակետը մեր իրավունքների, այս դեպքում՝ իմ իրավունքների խախտում է, այն դեպքում, երբ իմ պաշտպանները, ոչ թե բացակայում են, այլ Դուք՝ Ձեր ապօրինի խուզարկությունների պատճառով, թույլ չեք տալիս, որ նրանք ներկա գտնվեն»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հորդորում է անհիմն հայտարարություններով հանդես չգալ. «Նրանք բազմիցս դատական նիստերում հայտարարել են, որ ընդունել են ձեր անօրինական հանձնարարությունը եւ չեն մասնակցելու դատական նիստերին, քանի դեռ հեռացված եք նիստերի դահլիճից»: Շարունակությունը լինում է դատավորի եւ Ժիրայր Սեֆիլյանի միջեւ վիճաբանությունը. «Հիմա թույլ տալի՞ս եք խոսել, թե՞ չէ»,- հարց տվեց Ժիրայր Սեֆիլյանը: «Թույլ տվեք ավարտեմ նոր»,- ասաց դատավորը: «Շուտ ավարտեք, երկար եք խոսում»,- հակադարձեց Ժիրայր Սեֆիլյանը: Ժ. Սեֆիլյանը, սակայն, պնդեց. «Ես հրաժարվում եմ ձեր ներկայացրած հանրային պաշտպանից, ու լավ կլինի՝ այդ ռեսուրսը պահպանեք Ս. Սարգսյանի ու իր բանդայի համար»,- հայտարարեց Ժ. Սեֆիլյանն ու հեռացավ նիստերի դահլիճից:
