Թումանյանին հիշեցին՝ Դեմիրճյանին մոռացան. լեզվաբան
«Լեզվի հետ կապված խնդիրները բավական շատ են, դրանք առնչվում են լեզվական քաղաքականությանը»,-երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց լեզվաբան Լավրենտի Միրզոյանը: «Օր օրի մեր լեզուն մեզանից օտարվում է, կան բուհեր, որ հայոց լեզուների ամբիոնները փակվում, միացվում են օտար լեզուների ամբիոններին: Օրեցօր Երևան քաղաքում շատանում են «հոթելներն» ու «մոթելները»` չզուգորդվելով մայրենի լեզվի հետ»,-նկատեց Լավրենտի Միրզոյանը: Լեզվաբանը արձանագրել է մի ուրախացուցիչ փաստ. եթերային լեզուն բավական մաքուր է և դա վերջին շրջանում ավելի նկատելի է. «Մի փոքր խնդիր կա կայքերի հետ, դա էլ, ըստ էության, պայմանավորված է շտապողականությամբ, բայց դա լուծելի հարց է և ժամանակի խնդիր»: Բանախոսի փոխանցմամբ`այսօր երեխաների գրավոր խոսքը շատ վատն է, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրան: «Հրապարակային խոսքից նույնպես դժգոհ ենք»,-ասաց Լավրենտի Միրզոյանը՝ լրագրողներին ներկայացնելով տարբեր կառույցների կողմից կազմված արձանագրություններ, որտեղ բազմաթիվ են լեզվական սխալները: Սփյուռքի, Մշակույթի, Արտաքին գործերի, ինչպես նաև կրթության և գիտության նախարարություններից յուրաքաչյուրը մտածում է, թե լեզվի պահպանության խնդիրը ոչ թե իրենն է, այլ մյուս գերատեսչություններինը: Այս մոտցման պատճառով էլ բազմաթիվ խնդիրներ բաց են մնում,-ասաց լեզվաբանը` շարունակելով. «Առկա խնդիրներով հանդերձ` այսօր հարցի կարգավորման համար նպաստավոր պայմաններ են ստեղծված: Սահմանադրության մեջ երեք բաժիններ նվիրված են լեզին: Դա կարող է մի շարք խնդիրների լուծումը տալ»: Լավրենտի Միրզոյանը ցավ է զգում, երբ լեզվի մասին հիշում են գիրք նվիրելու օրը: «Լեզվի մասին պետք է ամեն օր հիշել, իսկ գիրք նվիրելու օրը հանճարեղ Թումանյանից բացի պետք էր հիշել նաև Դերենիկ Դեմիրճյանին, որը նույնպես մեծություն է»,-խոսքը եզրափակեց լեզվաբանը: Ա.Ավագյան
