Իշխանությունների նյարդերը տեղի են տվել
«Այս իշխանությունների նյարդերը Գասպարիին այլևս չեն դիմանում: Նա գուցե ծայրահեղ է արտահայտվում, բայց ոչ մի հանցագործ արարք չի կատարում»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ վարչության անդամ, ՀԽ պատգամավոր Գագիկ Սարուխանյանը: «Գասպարիի կալանավորումը նշանակում է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տվել ու նրանք իրենց դեմ ընդդիմացողին շինծու հոդվածով «փուռն են տալիս»: Նույնը Գևորգ Սաֆարյանի մասով, որին Նոր տարվա օրը Ազատության հրապարակ տոնածառ բերելու համար կալանավորեցին»,-ընդգծեց Սարուխանյանը: Սարուխանյանը նկատեց, որ ԱԺ ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ իրենց թույլ են տալիս բավականին ցինիկ արտահայտություններ և վիրավորում են անգամ լրագրողներին, բայց նրանց նկատմամբ որևէ պատիժ չի կիրառվում: Սարուխանյանը փաստում է, որ Հայաստանում ամենաթողության մթնոլորտ է և հարկավոր է դեմ գնալ այն ստեղծողներին: Նշենք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու մեջ, նա չէր ներկայանում դատարան, ոստիկանները նրան ամեն անգամ բերման էին ենթարկում դատարան՝ վերջին անգամ գործի դնելով անգամ «Շտապօգնության» մեքենան: Գասպարիին կալանավորելու որոշումը կայացրել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ:
