Մահացած հայտնաբերված 32-ամյա տղամարդուն խեղդամահ են արել. նոր մանրամասներ
Հաղարծինի ճանապարհին մահացած հայտնաբերված Երեւանի 32-ամյա բնակչի սպանության գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սպանությունը: Այս մաիսն տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը Երեւանի բնակիչ Սամվել Գեղամյանն է՝ ծնված 1985 թվականին, ով, ըստ հարազատների հայտարարության, հուլիսի 31-ին դուրս էր եկել տանից եւ այլեւս չէր վերադարձել։ 2017թ. օգոստոսի 9-ին ստացված մահվան մասին բժշկական վկայականի համաձայն՝ Ս.Գեղամյանի մահվանն անմիջականորեն հանգեցնող ախտաբանական վիճակ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ Ս.Գեղամյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
