Սլովենիայի նախագահը հետևում է Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին
Սլովենիայի նախագահ Բորուտ Պախորը ընտրարշավի նախաշեմին ոտքով ճանապարհորդում է հանրապետության տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Slovenske Novice հրատարակության պորտալը: Պախորի հետ միասին երկրում քայլարշավի են ելել նաեւ որդին՝ Լուկան, եւ հասարակայնության հետ կապերի գծով երկու ներկայացուցիչներ: Նախագահի թիմը պլանավորում է օրական հաղթահարել 40 կիլոմետր, որպեսզի սլովենա-հունգարական սահմանի Գորիչկոյից (Խոդոշի հսկիչ անցակետ) մինչեւ Ադրիատիկի Պիրանյան ծոց տարածությունն անցնի մինչեւ հաջորդ երկուշաբթի՝ օգոստոսի 14-ը: Օգոստոսի 9-ի երեկոյան նախագահն ավարտել է ոտքով ճամփորդության երկրորդ փուլը՝ ավելի քան 33 կիլոմետր հաղթահարելով երկրի արեւելքում: Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից առաջ ոտքով ճանապարհորդում էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իրականացնելով իր թիմի քարոզարշավը:
