Ինչ խնդիրների կհանգեցնի խմելու ջրի սակագնի բարձրացումը
«Վեոլիա ջուր» ընկերության գոյությունը դառնում է անիմաստ, քանի որ ջրի կորուստները կազմում են 60-ից 80 տոկոս. այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ահազանգեց բնապահպան Կարինե Դանիելյանը։ Խոսելով «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ջրի սակագնի բարձրացման մասին՝ նա նշեց, որ տնտեսական առումով դա արդարացված է, բայց սոցիալական և էկոլոգիական առումներով ոչ: «Վեոլիա ջուր» ընկերության կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելը` մեկ խորանարդ մետրի դիմաց 14.3 դրամով ջրի սակագինը բարձրացնելու նպատակով, միգուցե տնտեսական առումով արդարացված է, սակայն ոչ սոցիալական և էկոլոգիական առումներով: Թանկացումը կարող է մի շարք խնդիրների պատճառ դառնալ: Եթե մարդ ի վիճակի չլինի բավականաչափ ջուր օգտագործել, չեն պահպանվի սանիտարահիգիենիկ պայմանները, ինչն էլ իր հերթին շատ այլ խնդիրների կհանգեցնի` ինֆեկցիաների բռնկում և տարածում»,-ասաց Կարինե Դանիելյանը: Նրա խոսքով` ընկերության առաջարկն ընդունելը միանշանակ ճիշտ չի լինի: Տարբեր հաշվումներով` համակարգն ունի 60-80 տոկոս կորուստ և կապիտալ վերանորոգման կարիք ունի: Սակայն, պետք է գտնել ոսկե միջինը: Շատ կարևոր է հատկապես քաղաքի դրենաժային համակարգի վերանորոգման խնդիրը: «Սակագնի բարձրացումը չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված: Բայց համակարգը բավականին թերություններ է ունեցել, և հավանաբար թանկացումը կպայմանավորեն մի շարք հարցերի լուծմամբ»,-եզրափակեց Դանիելյանը:
