Արցախի ԱԺ նախագահը դիմում է գերտերությունների ղեկավարներին (video)
Վերջին մի քանի ամիսների զարգացումները, տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների և Արցախի ապագայի հետ կապված հայտարարություններն ու հնչեցված դիրքորոշումները լուրջ մտահոգություն են առաջացրել Արցախում և համայն հայության շրջանակներում։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքը, հարկ է համարում այս բախտորոշ ժամանակահատվածում ի լուր աշխարհի արձանագրել և փաստել հետևյալը.
Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։
Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են։
