Արարատի մարզում վրաերթի հետևանքով մահացած 20-ամյա երիտասարդները քառօրյա պատերազմի մասնակից էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Գեղամ Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այդ օրը Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Մհեր Փանդունցը իր վարած Toyota Vitz մակնիշի 34 ՕV 524 համարանիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցում՝ թիվ 2 դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել Նոր Խարբերդի բնակիչներ՝ 20-ամյա Մկրտիչ Նաջարյանին և 20-ամյա Մեսրոպ Սայադյանին, որոնցից Մ. Նաջարյանը ժամեր անց մահացել էր, իսկ մյուս վրաերթի ենթարկվածը՝ Մ. Սայադյանը, մահացել էր 1 օր անց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Փանդունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ֆոտոլրագրողի տեեկություններով՝ մահացածները վրաերթի ենթարկվելուց 3 օր առաջ էին զորացրվել և նրանք ակտիվ մասնակցություն էին ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմին ու առաջին իսկ օրվանից եղել էին առաջնագծում, ամենաթեժ տեղերում և խրախուսանքների էին արժանացել հրամանատարական կազմի կողմից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 6-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Մհեր Փանդունցը իր վարած Toyota Vitz մակնիշի 34 ՕV 524 համարանիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցում՝ թիվ 2 դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել Նոր Խարբերդի բնակիչներ՝ 20-ամյա Մկրտիչ Նաջարյանին և 20-ամյա Մեսրոպ Սայադյանին։ Վրաերթի ենթարկվածներն ու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածներից Մ. Նաջարյանը, գիտակցության չգալով, մահացել էր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:










