Սամվել Կարապետյանի ընկերությունը Դեբեդ գետի վրա ՀԷԿ կկառուցի
Այսօր կառավարության նիստում հաստատվեց Դեբեդ գետի վրա 76 մեգավատտ դրվածքային հզորությամբ Շնող հիդրոկայանի նախագծման և կառուցման շրջանակային համաձայնագրի մասին նախագիծը: Նիստում ծրագիրը ներկայացնելիս Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների Աշոտ Մանուկյանը տեղեկացրեց, որ որոշման ընդունումը բխում է կառավարության ծրագրից: Ըստ նրա, նախատեսվում է ներքին էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ հասնել երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը:ՀԷԿ-ը կկառուցվի պետություն-մասնավոր հատված ֆինանսական համագործակցությամբ՝ Հայաստանի ներդրողների ակումբ ներդրումային հիմնադրամի հետ համատեղ: «Սա այս ակումբի շատ խոշոր ծրագրերից է, քննարկվել է շատ մանրակրկիտ», -հստակեցրեց Մանուկյանը: Ներդրումային ծրագրի արժեքը, նախարարի խոսքով, կարող է տատանվել 150-180 մլն դոլարի շրջանակներում, որը սակայն վերջնականապես կճշտվի նախագծային, նախահաշվային ծրագրի հաշվարկներից հետո: ՀԷԿ-ը կառուցելու է «Դեբեդ հիդրո» ընկերությունը, որի հիմնադիրն էլ «Էներգոինվեստ հոլդինգ» ընկերությունն է, որի սեփականատերն էլ «Տաշիր կապիտալ» ընկերությունն է: Կայանի կոմերցիոն շահագործման ամսաթվից 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը երաշխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (Գնորդ) կողմից տարեկան 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի գնում:
