Վազգեն Մանուկյանը՝ Պաւտինի երեկվա հայտարարության ու հակառուսականության մասին (video)
Հակառուսական քարոզչության ամենազարմանալի բանը հետեւյալն է. իրենք ասում են, որ ՌԴ-ն մեզ համար վստահելի չէ, քանի որ ընկերացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
«Եթե դու այդպիսի նախադասություն ես ասում, ուրեմն դու Ադրբեջանին եւ Թուրքիային թշնամի ես համարում: Ռուսաստանին մեղադրում ես, որ քո թշնամիների հետ լեզու է գտել, ուրեմն վտանգավոր է: Եվ դրանից հետո անտրամաբանական հետեւություն ես անում, որ Ռուսաստանին պետք է այստեղից քշել դուրս: Այդ դեպքում մնում ես այդ թշնամիների դեմ: Իրենք ասում են՝ չէ, այդ դեպքում Արեւմուտքը կգա, այդտեղը կզբաղեցնի: Այո, Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են, բայց նույն ձեւի ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը փորձում են Թուրքիային պոկել Ռուսաստանից: Այսինքն նրանք էլ շահագրգռված են թուրքական շահեր առաջ տանելու մեջ»,-ասաց նա:
Անդրադառնալով նախօրեին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե իրենք ՀՀ-ին առաջարկել են վերադարձնել 5 շրջան, սակայն Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով, Մանուկյանը նշել է․ «Պուտինն Արցախի հարցի վերաբերյալ մի բան ասաց, որը այս կամ այն ձեւով հնչել էր, շատ նորություն չէր։
Այսինքն մնում է այն հին վիճակը, բոլոր բանակցությունների ժամանակ գնում էր «տարածքներ Արցախի անկախության ճանաչման դիմաց» սկզբունքով: Հիմա իր անդրադառնալը նաեւ այն էր նշանակում, որ համաձայնագրի ռուսական ծրագրում նշվում է, որ Արցախի հարցն այժմ չի քննարկվում, դրվում է հետ: Դա ցույց է տալիս, որ ՌԴ-ն չի հրաժարվում հետագայում այդ հարցի քննարկումից, որը ես համարում եմ դրական»։
Մանրամասները՝ տեսանյութում․
