Հայտնի է Երևանում 34-ամյա կնոջ մահվան պատճառը. «Փաստինֆո»
Երևանում օրեր առաջ 34-ամյա կնոջ մահվան գործով վերջինիս 38-ամյա ամուսնուն մեղադրանք է առաջադրվել և, նախնական տվյալներով, արդեն հայտնի է կնոջ մահվան պատճառը:«Փաստինֆո»–ի թղթակիցը Քննչական կոմիտեից տեղեկացել է, որ կնոջ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդված 1-ին մասով (անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:ՔԿ-ից նաև տեղեկացանք, որ, նախնական տվյալներով, կնոջ մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտային անբավարարությունը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ ամուսինը պարբերաբար բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 34-ամյա կինը շուրջ 10-ը տարի ամուսնացած է եղել, այդ տարիների ընթացքում ամուսնու կողմից պարբերաբար ծեծի ու դաժան վերաբերմունքի է արժանացել, իսկ ողբերգական դեպքից օրեր առաջ էլ այլևս չկարողանալով հանդուրժել այդ ստորացումները՝ երեխաների հետ միասին հայրական տուն է վերադարձել: Կնոջ առողջական վիճակը հայրական տանը նկատելիորեն վատացել է, գլխացավեր է ունեցել, նրա մարմնի վրա հարազատները կապտուկներ են նկատել, սակայն հիվանդանոց դիմելու հարազատների խնդրանքները կինը մերժել է:
