Արտառոց հայտարարություն չի հնչել. Իրանը փորձում է հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերել
«Ժողովուրդ» -ը գրում է.«Իր ամառային արձակուրդն ընդմիջած Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, մեկնել է Իրան: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ վերջինիս արած հայտարարությունները մեծ ոգևորություն են առաջացրել իշխանական ճամբարում: Բանն այն է, որ Իրանի նախագահն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ ընդգծելով, որ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով և իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: Ավելի ուշ այս թեմայով հայտարարություն է արել Իրանի ԱԳ նախարարի խոսնակը՝ասելով, թե իրենք ուշադրությամբ հետևում են տարածաշրջանում զարգացումներին ու թույլ չեն տա, որ Արցախյան հակամարտությունը վնասի իրենց սահմանային տարածքների բնակչությանը: Եվ ահա, այս հայտարարություններից հետո ոչ միայն իշխանությունները, այլև իշխանական պատվերով քաղաքագետ կամ իրանագետ աշխատողները հեռուն գնացող եզրակացություններ են անում՝ որակելով Ադրբեջանին ուղղված խիստ նախազգուշացում: Բայց շտապենք հիասթափեցնել, նման խոսքեր իրանական կողմը հնչեցրել էր նաև շատ ավելի վաղ. 2016թ դեկտեմբերին Հայաստան այցի ժամանակ Իրանի նախագահը խոսել էր արցախյան հիմնախնդրից՝ ասելով «Հայաստանը և Ադրբեջանը մեզ համար հարևան և բարեկամ երկրներ են, և մենք ցանկանում ենք, որ Ղարաբաղում ականատեսը լինենք քաղաքական և բանակցային ճանապարհով կայուն խաղաղության հաստատմանը, քանի որ այն բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Անտարակույս, կայուն խաղաղությանը հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով և պետք է բանակցությունների միջոցով միջազգային նորմերի համաձայն՝ հասնենք տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը»: Այնպես որ, Ս. Սարգսյանի հետ վերջին հանդիպման ժամանակ ևս արտառոց հայտարարություն չի հնչել. Իրանը փորձում է հավասարակշռված, չեզոք դիրքորոշում ցուցաբերել երկու հարևան երկրների նկատմամբ, ինչպես որ պահանջում են իր պետության շահերը և դիվանագիտական էթիկետը: Եվ առանձնապես մեծ հրճվանքը հասկանալի չէ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
