Գեղարքունիքում 37-ամյա տղամարդուն տան անդամները կախված են հայտնաբերել
Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում ինքնասպանության դեպք է գրանցվել: Tert.am-ի տեղեկություններով` ինքնասպանություն գործած անձը 37 տարեկան է, ում տան անդամները հայտնաբերել են կախված վիճակում: Tert.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանն ասաց, որ իրենց համայնքի բնակիչ է ինքնասպանություն գործած անձը, սակայն ստույգ տարիքը չգիտի: «Օգոստոսի 7-ին տան անդամները նրան հայտնաբերել են տանը հարակից շինության մեջ՝ կախված վիճակում: Հայտնաբերել են այն ժամանակ, երբ արդեն նրան փրկելն ուշ է եղել»,-ասաց համայնքապետը: Նրա խոսքով՝ համայնքի բնակիչն ամուսնացած է եղել. «Նա երկու անչափահաս երեխա ունի, նորմալ ընտանիք էր, սովորական կյանքով ապրում էին, թե ինչը կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ, դեռ հայտնի չէ»:
