Լոնդոնը Բրյուսելին կվճարի նաև Brexit-ից հետո
Բյուջեի եւ մարդկային ռեսուրսների եվրակոմիսար Գյունտեր Էթինգերն օգոստոսի 7-ին Bild թերթում հրապարակված հարցազրույցում ասել է,որ բրիտանացիները երկարաժամկետ ծրագրերի գծով Եվրամիությանը վճարումներ կիրականացնեն նաեւ Միությունից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո: «Բրիտանացիներն ստիպված կլինեն 2019 թվականին Միությունից դուրս գալուց հետո էլ վճարումներ իրականացնել երկարաժամկետ ծրագրերի գծով, որոնց շուրջը համաձայնությունները ձեռք են բերվել մինչեւ Brexit-ի վերաբերյալ որոշումները: Նրանք կապված են դրանց հետ:Այսպիսով, Լոնդոնն առնվազն մինչեւ 2020 թվականն ստիպված կլինի փող փոխանցել Բրյուսելին»,- ասել է նա: Էթինգերը նշել է, որ «երկարաժամկետ հեռանկարում Եվրամիության բյուջեն Brexit-ի պատճառով կարող է տարեկան 10 – 12 միլիարդ եվրո պակաս ստանալ»: «Ես ելնում եմ այն բանից, որ այդ միլիարդները կփոխհատուցվեն խնայողության եւ անդամ երկրների մուծումների ավելացման հաշվին»,- նշել է նա:
