Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բժիշկները պայքարում են 2 վիրավորների կյանքի համար
Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են մարդատար ГАЗель մակնիշի 22 48 Տ համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 10 QC 002 համարանիշի և բեռնատար ГАЗель մակնիշի 206 UՏ 65 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, որոնց էլ շտապ օգնության բրիգադն օպերատիվորեն տեղափոխել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարկանով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է՝ մարդատար ГАЗель-ը սպասարկում է թիվ 46 երթուղին, իսկ բեռնատարն էլ զբաղվում է կաթնամթերքի առաքմամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
