Մեքենայում եղել են երիտասարդներ, սակայն «հանձնվել» է 61 տարեկան մարդ. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Օգոստոսի 4-ին Աշտարակ-Երևան ավտոճանապարհին վթարի մասնակից մեքենաներից մեկի ղեկին և սրահում եղել են երիտասարդներ, որոնք, մեր արագությամբ սլանալով, հարվածել են «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենային, ապա, անօգնական թողնելով մյուս մեքենայի վիրավորներին, փախել են դեպքի վայրից, իսկ ավելի ուշ ոստիկանություն է ներկայացել մոտ 61 տարեկան տղամարդ և հայտնել, որ մեքենայի ղեկին ինքն է եղել: Այս մասին Tert.am–ին հայտնեց վթարված մեքենայի հիվանդանոցի ճանապարհին մահացած 36–ամյա վարորդի հարազատներից մեկը՝ չցանկանալով, որ իր անունը հրապարակվի: «Ես ասում եմ ականատեսների ասածով. 200–ի տակ գնալով՝ հետևից խփել են, մեջը եղել են մեր ազգականները՝ հայր ու տղա, հայրը մահացավ, էրեխեն կոմայի մեջ պառկած ա, գանգուղեղային տրավմա, մի թոքը «ատկազ» ա անում: Ու էդ խփողներն էլ թողել փախել են, բայց ականատեսների ասելով՝ ջահելներ են եղել ու խմած: Հետո 61 տարեկան մի մարդ է գնացել հաձնվել է»,- ասաց զոհվածի հարազատը: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 21:48-ին, տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի 99 GG 399 և «ՎԱԶ-2121» մակնիշի 34 GG 889 պետհամարանիշերով ավտոմեքենաները, որի հետևանքով 1981թ. ծնված Գեղամ Սարգսյանը և 2013թ. ծնված Սարգիս Սարգսյանը վկաների ուժերով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ Գեղամ Սարգսյանը մահացել է, իսկ Սարգիս Սարգսյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր: Tert.am–ի խմբագրութուն զանգահարած անձը պատմեց, որ ականատես վկաները այնքան են ցնցված եղել ողբերգությունից, որ լինելով անծանոթ, եկել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, հետաքրքրվել, թե ինչ վիճակում է երեխան: Նշենք, որ դեպքին անդրադարձել էր նաև shamshyan.com-ը և տեղեկացրել, որ հանձնվածը՝ Ս. Ջեյրանյանն է, ով նախկինում եղել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի (ԲԽՍՍ) վարչության պետը և կոչումով գնդապետ է։
