Թուրքիայում հայկական գերեզման քանդելը նորություն չէ.Արագած Ախոյան
«Թուրքիայում հայկական գերեզման քանդելը նորություն չէ: Այն, որ Վանի նահանգի Էգրեմիթ շրջանի տեղական ինքնակառավարման մարմինները Դիլքայա գյուղում հայկական գերեզմանատան տարածքում զուգարաններ կառուցելու թույլտվություն են տվել, դա չի զարմացնում: Ես տեղում եղել եմ, ծաոթացել եմ խնդրին: Այդ տարածքը ծովի ափին մոտ է գտնվում, տեղի իշխանությունները որոշել են ենթակառուցվածքներ ապահովել լողափին, հետևաբար այդ տարածքներում զուգարաններ են կառուցել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության անդամ, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, ով նոր է վերադարձել Արևմտյան Հայաստանից: Արագած Ախոյանի խոսքով, այնտեղ պատմել են, որ շինաշխատանքների ժամանակ մարդկային ոսկորներ են դուրս եկել: «Չնայած տեղում աղմուկ է բարձրացվել, քրդերն են անդրադարձել խնդրին` քննադատելով այդ որոշումը, լրատվամիջոցներն են անդրադարձել, միևնույն է, շինարարությունը շատ արագ իրականացվել է: Թուրքիան չի փոխել իր քաղաքականությունն ու մոտեցումները: Մենք ականատես ենք եղել, որ բազմաթիվ այլ հայկական մշակութային արժեքներ են վերացվել, լինի նյութական, թե ոչ նյութական: Միայն Ախթամարի Սուրբ Խաչ և Սուրբ Կիրակոս եկեղեցիների պահպանումը բավարար չէ, որ աշխարհին ներկայանան որպես քաղաքակիրթ պետություն»,-ասաց Արագած Ախոյանը:
