Վայոց Ձորի մարզում հարևանի ուլիկներին հրացանով սպանողը «գաի» աշխատակից է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հետաքննություն է սկսվել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան, Զառիթափ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Համլետ Սիրեկանյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ օգոստոսի 1-ին նա իր մոտ եղած MR-155 տիպի 12 տրամաչափի մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել և սպանել է իր հարևանի՝ Զառիթափ գյուղի բնակիչ, 55-ամյա Սոս Ասլանյանի ուլիկներին։ Ի դեպ, գյուղում նրան ավելի շատ ճանաչում են «Ուլի կաթ» մականվամբ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Զառիթափ գյուղի բնակիչ՝ 55-ամյա Սոս Ասլանյանը ոստիկանության Վայքի բաժին հայտնել էր, որ իր հարևանը Զառիթափ գյուղում գտնվող, իրեն պատկանող տնամերձ հողամասում իր մոտ եղած հրացանով կրակել և սատկացրել է իրեն պատկանող 2 ուլիկներին: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, գյուղ էին մեկնել ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավթյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել էին, որ կրակողը եղել էր 31-ամյա Համլետ Սիրեկանյանը՝ իրեն պատկանող MR-155 տիպի 12 տրամաչափի մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

