Թուրքիայում գերմանացի լրագրողին 15 տարվա ազատազրկում է սպառնում
Etkin լրատվական գործակալության թղթակից և թարգմանիչ Մեշալե Թոլուին 15 տարվա ազատազրկում է սպառնում: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: Թոլուն ձերբակալվել է 2017-ի ապրիլի 30-ին և մայիսի 6-ին ազատազրկվել «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, ահաբեկչության քարոզ իրականացնելու» մեղադրանքներով: Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալվել էին Գերմանիայի և Շվեդիայի քաղաքացի 10 իրավապաշտպաններ: Իրավապաշտպաններից վեցը՝ Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել: Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարն ու նույն կազմակերպության աշխատակիցը:
