Սուրիկ Խաչատրյանի նախկին խորհրդականը վիրավորված է վարչապետից.Առավոտ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը տպավորություն ունի, որ Հայաստանը ոչ վարչապետ ունի, ոչ էլ կառավարություն: «Մի ամիս առաջ Սիսիանում կարկտահարության հետեւանքով ավերվել էին մարդկանց այգիներն ու ցանքատարածությունները, մի քանի համայնքներ ընդհանրապես կորցրել են իրենց տարվա բերքը: Ու այդ ծանր պայմաններում, երբ մարդիկ պետության օգնության ու հոգատարության կարիքն ունեն, վարչապետի այցն անգամ նրանց չհուզեց, որովհետեւ մարդիկ կորցրել են պետության զգացողությունը՝ որպես իրեն օգնական, վարչապետի եւ կառավարության կարեւորությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը: Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում, եղել է նաեւ Սիսիանում: Այդ օրերին Սիսիանում է եղել նաեւ մեր զրուցակիցը, որը պնդում է, որ վարչապետի այցի օրը Սիսիանի դատարկ հրապարակը եւ վարչապետի պահվածքը ցույց են տալիս, որ նա կտրված է իրականությունից եւ ժողովրդից: Վոլոդյա Հովհաննիսյանը հիշում է 2015 թվականի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Սիսիան, երբ 600 հոգանոց հանդիպում կայացավ վարչապետի հետ, որին մասնակցում էին տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչները եւ 3 ժամից ավելի քննարկում էին առկա խնդիրները: Ասում է՝ այդ հանդիպման արդյունքում 3-4 շենքի տանիքի վերանորոգման հարց լուծվեց, համայնքային ճանապարհների վերանորոգման հարց լուծվեց, որոշ համայնքներում՝ խմելու ջրի եւ այլն: Ինքն այն ժամանակ տեսել է՝ կա պետություն, կառավարություն, վարչապետ՝ իրենց բոլոր թերություններով հանդերձ, իսկ մարդիկ էլ հույս են ունեցել, որը կապել են պետության, կառավարության ու վարչապետի հետ: Հիմա նա կարծում է, որ ունենք «կառավարման ունայնության եւ քաղաքական ժամավաճառության փայլուն օրինակ»: Նրան դուր չի եկել, որ Կարեն Կարապետյանը, իր պնդմամբ՝ նեղ շրջանում է խորհրդակցություն անցկացրել եւ ասել, որ պետք է բիզնես ծրագրեր կազմել: «Այդ «պետք»-ի մեջ մարդիկ չգիտեն, որ պետք է անել, ու երբ վարչապետն ասելու ոչինչ չունի, անցնում է սոփեստության, ոչինչ չանելով՝ ցույց է տալիս, թե բան է անում»,- ասում է Վոլոդյա Հովհաննիսյանը՝ հիշեցնելով Կարեն Կարապետյանի առաջին հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է գտնվում: Շուտով կլրանա այդ հայտարարության մեկ տարին: Վոլոդյա Հովհաննիսյանը չի տեսել որեւէ քայլ, որն ուղղված է ծանր տնտեսական իրավիճակը շտկելուն. «Այս մեկ տարում Հայաստանում արտադրողական ուժ չի ստեղծվել»: Սրանից էլ հետեւություն է անում, որ այս մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը ոչինչ չի արել իբրեւ կառավարիչ: Ավելին՝ ասում է, որ այս մեկ տարվա ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը ավելացել է մոտ 1 մլրդ դոլարով՝ կազմելով ՀՆԱ-ի 65%-ը: Համեմատության համար նշում է, որ Ադրբեջանի արտաքին պարտքը այդ երկրի ՀՆԱ-ի 20%-ն է կազմում, Վրաստանում՝ 10%-ը: «ՀՀ-ի արտաքին պարտքի 10%-ն ավելացել է այն վարչապետի օրոք, որը խոստանում էր միլիարդավոր ներդրումներ եւ հսկայական ծավալի աշխատատեղեր»,- ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը: Արդյունքում այնքան է վիրավորվել ՀՀ քաղաքացի Վոլոդյա Հովհաննիսյանի ինքնասիրությունը, որ հայտարարում է. «Կարեն Կարապետյանը ծանր հարված է հասցնում մեր պետականությանն ու նրա ընթացքին, մինչդեռ հայերը միակ ազգն են, որ էթնիկական գոյության խնդիր ունեն, ու փոխանակ Իսրայելի նման ազգային համահավաք ուժով պայքարենք մեր գոյության համար՝ փոշիացնում ենք այդ ուժը»: Նա կարծում է, որ դրանում մաս ունի նաեւ Կարեն Կարապետյանը, եւ զարմանում է հանրապետության նախագահի վրա, որն այս կարեւոր ժամանակաշրջանում կառավարման ղեկը հանձնել է նրան: Վոլոդյա Հովհաննիսյանին վիրավորել է նաեւ այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Սիսիանում չի այցելել Արցախյան ազատամարտում տարբեր ժամանակաշրջաններում զոհվածների պանթեոն, մինչդեռ այնտեղ վարչապետին եւ Սյունիքի մարզպետին սպասել են մի քանի ազատամարտիկներ, որպեսզի տարբեր հարցերով զրուցեն նրանց հետ: Հիշեցնենք՝ ապրիլյան պատերազմում Սիսիանից 9 զոհ եղավ: «Առավոտի» դիտարկմանը, որ իր գնահատականներում նկատելի է սուբյեկտիվ մոտեցում, եւ իր նշած «բոլոր ձեռքբերումները» միայն կամ բացառապես վարչապետ Կարեն Կարապետյանի վաստակը չեն. մինչ այս էլ ունեցել ենք տարբեր վարչապետներ, կառավարություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք իրենց գործունեությամբ հասցրել են այս վիճակին, մեր զրուցակիցն ասաց, որ համաձայն է. «Սակայն Կարեն Կարապետյանի մուտքը, որպես վարչապետ, հույսեր ներշնչեց, Կարեն Կարապետյանը խոստումներ տվեց»: Դիտարկմանն էլ՝ խոստումներ բոլորն են տվել, հակադարձեց. «Կարեն Կարապետյանը նոր պատմական ժամանակաշրջանում, նոր ընտրությունների, նոր Սահմանադրությամբ օժտված իր իրավունքներով ու պարտականություններով պետք է նոր խոսք ու տեմպ հաղորդեր: Նա դա չարեց: Նա արժանացավ ժողովրդի հավանությանն ու վստահությանը եւ դաժանորեն չարդարացրեց սպասելիքները»: Վոլոդյա Հովհաննիսյանը համաձայն չէ մեր դիտարկման հետ, որ գուցե ժողովրդի սպասելիքները համաչափ չէին նոր վարչապետ Կարեն Կարապետյանի կարողությունների հետ: «Ոչ, ժողովրդի սպասելիքները այնքան էին, որքան Կարեն Կարապետյանը խոստացել էր: Եվ եթե Կարեն Կարապետյանը իր խոստումները չի կատարել, դա ծանր բարոյական հարված է ժողովրդին ու բացասական է բնութագրում հենց Կարեն Կարապետյանին»: «Առավոտի» հարցին՝ ճի՞շտ է համարում Հայաստանի 25 տարիների քաղաքական եւ տնտեսական իշխանությունների մեղքերը բարդել Կարեն Կարապետյանի վրա եւ հարցերը համարել լուծված, Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց, որ Կարեն Կարապետյանը պատասխանատվություն պետք է կրի ի՛ր «մասնաբաժնի» համար. «Հիմնական պատասխանատուները պետք է լինեն Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, որոնք ճիշտ չեն կառավարել, եւ ստեղծվել է այս վիճակը: Սակայն այսօր գերխնդիրն այն է, որ այս պատմական ժամանակաշրջանում, երբ մենք պատերազմի շեմին ենք կանգնած, չպետք է ունենանք այնպիսի վարչապետ, որը մեր երկիրը տանում է դեպի կործանում»: Առավել մանրամասն Առավոտ օրաթերթի օգոստոսի 3-ի համարում

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am