Ծաղիկը որոշել է զարմացնել. Ռուբեն Գեւորգյանի դուստրը սպորտային մեծ համալիր է կառուցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում՝ Oլիմպիական ավանի հարեւանությամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դուստրը՝ Արմենուհին, մեկ տարուց ավելի է՝ կառուցում է սպորտային մեծ համալիր: Ասում են, թե տարածաշրջանում նմանը չունեցող կոմպլեքս է լինելու՝ մրցակից մայրաքաղաքի մյուս հայտնի համալիրներին: Գեւորգյանները քննարկել, ուսումնասիրել են Եվրոպայի նմանատիպ կենտրոններն ու յուրաքանչյուրի միջից ընտրել լավագույնը, արտերկրից էլ պարբերաբար բազմաթիվ մասնագետներ են բերել՝ տեղում խորհուրդներ տալու համար: Մեր տեղեկություններով, սպորտային համալիրն ունենալու է օլիմպիական չափերի լողավազան՝ 50 մետր երկարությամբ, 25 մետր լայնությամբ, մեծ մարզասրահ՝ հագեցած գերժամանակակից տեխնիկայով, իսկ ամենաբումայինը սերֆինգի հնարավորություններն են: Սերֆինգը սոսկ մարզաձեւ չէ, այն օվկիանոսների եւ ծովի ալիքների վրա հատուկ տախտակով սահելու արվեստ է, շատ օգտակար է առողջությանը՝ հատկապես սիրտ-անոթային խնդիրների կանխարգելմանը, նպաստում է արյան շրջանառության բարելավմանը: Մեր տեղեկություններով, սպորտային կենտրոնը նախատեսում են բացել հունիսի վերջին, այժմ արդեն ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում: Համալիրում նաեւ ռեստորաններ են լինելու։ Մոտ օրերս Իտալիայից հատուկ հրավերով ժամանելու է շեֆ-խոհարար, որը մաստեր-կլաս է անցկացնելու եւ օգնելու է մենյուի կազմմանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
