«Մեծ բանակով` Բաղրամյան 26-ի դեմ» /տեսանյութ/
Մի խումբ ակտիվիստներ «Գնում ենք Բ-26» անունով ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց: Նրանք պահանջում են ազատ արձակել կալանավորված Գեւորգ Սաֆարյանին եւ Վարդգես Գասպարիին: Ակցիային չէին մասնակցում հայտարարություններով հանդես եկած պատգամավորները: Սակավամարդ, բայց «պայթունավտանգ» իրավիճակներով հագեցած ակցիայի մասնակիցները կանգ առան Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ: «Ակցիայի նպատակն է ցույց տալ տվյալ անձնավորությանը, որ կան մարդիկ, որոնք համակարծիք են եւ Գասպարի, եւ Գեւորգ Սաֆարյանի հետ: Ամբողջ պայքարը կոնկրետ Սերժ Սարգսյանի դեմ է»,-նշեց քաղաքացիական ակտիվիստ Արամ Մանուկյանը: Արամ Մանուկյանը հայտարարեց, որ եթե ցանկանում են ձերբակալել, թող իրենց էլ ձերբակալեն. «Մենք եկել ենք, թող բռնեն: Մենք բարձրաձայնում ենք, որ հասարակությունն էլ իմանա, որ կան քաղբանտարկյալներ: Մարդկանց ապօրինի ձերբակալում են, գործեր են հարուցում»: Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձում էր կայունացնել իրավիճակը: Նա խնդրեց հանդարտության ֆոնի վրա փոխանցել պահանջը: Ավելի ուշ փոխոստկանապետը հայտնեց, որ աշխատանքային ժամը ավարտվել է և ոչ մի իրավասու պաշտոնյա չի կարող մոտենալ ու լսել ակցիայի մասնակիցների պահանջը: «Մոտ օրերս, կիրականացնենք, ավելի մեծ բազմությամբ կգանք եւ ոչ թե կասենք, որ մեզ լսեն, այլ՝ մեր խոսքը լսելի կդարձնենք»,-Օսիպյանին դիմելով ասաց Միքայել Նազարյանը: Վալերի Օսիպյանն էլ նկատեց, որ ոստիկանության հետ չի կարելւի սպառնալով խոսել: Մոտ 30 րոպե Բրիտանիայի դեսպանատան մոտ կանգնելուց հետո ակցիայի մասնակիցները ցրվեցին: Աստղիկ Ավագյան Մանրամասները` տեսանյութում:
