Մեզ ինտելեկտուալ բանակ է հարկավոր. Ռուբեն Աղուզումցյան
«Փոքր երկրներում բանակը չի կարող գոյատեւել խոշոր պետությունների կանոններով, որտեղ մեծ թվով զորակոչիկներ կան: Նման երկրներում բանակը պետք է ինտելեկտուալ լինի: Եթե բանակը կառուցված լինի բարձր ինտելեկտուալ մակարդակի բազայի վրա, մեծ թվով զորակոչիկների առկայության անհրաժեշտությունը նվազագույնի կհասնի:Հարկավոր է ուշադրություն դարձնել ինտելեկտուալ բանակին: Իզուր չէ, որ ամբողջ աշխարհում աստիճանաբար փոփոխություններ են արվում պրոֆեսիոնալ բանակի օգտին, քանի որ մեկ պրոֆեսիոնալը կարող է հավասար լինել տասը զորակոչիկի»,- Հայելի ակումբում լրագրողներին ասաց հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը: Հոգեբանական աջակցությունը ծառայությունն անհրաժեշտ է պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում, առավել եւս՝ բանակում,ասաց հոգեբանը: Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում հատուկ ֆակուլտետներ կային, որտեղ, այսպես կոչված, քաղաշխատողների էին պատրաստում: «Իրականում նրանք հոգեբաններ էին: Խորհրդային միության փլուզումից հետո այս ամենը վերացավ: Հիմա, սակայն, հայկական զինված ստորաբաժանումներում հոգեբանների հաստիքներ կան, բայց հոգեբաններ չկան»,- նշեց մասնագետը:
