Կոչ արեցի սպանվողների՝ Օզմանյանների հարազատներին, որ արյունը արյունով չլվան. Ազիզ Թամոյան
«Աշխարհի Եզդիների» ու «Հայաստանի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանն այսօր առավոտյան այցելել է Շամիրամ գյուղ, որտեղ նախօրեին տեղի էր ունեցել արյունալի հրաձգություն, և կոչ արել սպանված Ամրո և Զորիկ Օզմանյանների հարազատներին՝ արյան վրեժ չլուծել: Այս մասին Tert.am-ին հայտնած Ազիզ Թամոյանը մանրամասնեց. «Ես իրեն կոչ արեցի, որ վենդետա չանեն, ես իրենց հետ խոսեցի, որ չշարունակեն, որ դա հարիր չէ մեր ազգին, չնայած կորուստը շատ մեծ է մեր բոլորիս համար, բայց չի կարելի շարունակել, հանկարծ չլինի, որ արյունը արյունով լվան… այ, էդ թեմայի շուրջ ես էսօր խոսել եմ նրանց բարեկամների հետ»: Հարցին՝ խոստացա՞ն, որ վենդետա չի լինի, Ազիզ Թամոյանը պատասխանեց. «Դե լռում էին… մեկն էլ ասում էր՝ հա, ճիշտ ես ասում: Բայց դե երիտասարդ մարդիկ են, մոմենտներ կլինեն, որ չես կարող ասել՝ մարդը ինչ կանի… մեկ էլ տեսար մոմենտի տակ նորից եղավ ինչ-որ մի բան»:
