Սեւանում տեղի ունեցած կրկնակի սպանության գործով կա մեղադրյալ
Երեւան-Սեւան ճանապարհին հուլիսի 30-ին տեղի ունեցած կրկնակի սպանության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 1 անձի: Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա Էդգար Հովհաննիսյանին, որի հայրը միջադեպի ժամանակ մահացել էր: 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեւանում հուլիսի 30-ին սպանվել էր 60-ամյա Աշոտ Հովհաննիսյանը՝ ծեծկռտուքի արդյունքում ստացած վնասվածքներից: Ծեծկռտուքը եղել էր Աշոտ Հովհաննիսյանի, նրա երկու որդիների եւ Դավիթ Առաքելյանի ու նրա ընկերների միջեւ, ինչից հետո Աշոտ Հովհաննիսյանը մահացած տեղափոխվել էր հիվանդանոց: Ըստ ոստիկանության տվյալների, դրանից հետո Աշոտ Հովհաննիսյանի որդին՝ 28-ամյա Էդգար Հովհաննիսյանը, հետապնդել եւ Երեւան-Սեւան ճանապարհին Դավիթ Առաքելյանին իջեցրել է «Մերսեդես» ավտոմեքենայից ու որսորդական հրացանով կրակել նրա վրա, ինչից հետո մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
