Սեւանում սպանված Դավիթը ամուսնացած էր, շուտով կծնվի նրա առաջնեկը .Հրապարակ
2 օր առաջ Սեւանում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել էր երկու անձի մահվան ելքով. «Դեպքից հետո Աշոտի 2 տղային էլ տարել էին բաժին, մեկին բաց են թողել, որ հոր թաղման արարողությունը կազմակերպի, մյուսին ձերբակալել են: Աշոտը հարգված անձնավորություն էր, այս պահին ընտանիքի կողքին ենք, եւ ինչով կարող ենք օգնում ենք»,-ասաց զրուցակիցս: Դեպքի հետ կապված Արգավանդի գյուղապետ Գագիկ Օրդուխանյանը ասաց, որ Դավիթն ամուսնացած էր, շուտով կծնվի նրա առաջնեկը. «Դավիթը ընկերների հետ գնացել էր հանգստանալու, հետո փորձել են խմած վիճակում նավակով զբոսնել: Նավի տերը զգուշացրել է, որ հարբած վիճակում վտանգավոր է նավով դուրս գալ լիճ: Դրանից վիճել են: Դավիթի մայրը բուժքույր է, հայրը տաքսի է վարում: Ամուսնացած էր, շուտով կծնվի նրա առաջնեկը: Ձերբակալվածներ չկան, Դավիթի ընկերները հարցաքննվել են եւ ազատ արձակվել»: Այսօր տեղի կունենա 60-ամյա Աշոտ Հովհաննիսյանի եւ 28-ամյա Դավիթ Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը, իսկ վաղն էլ հուղարկավորությունը: Դեպքի առթիվ քննչական կոմիտեի հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է: 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում հնչել են կրակոցներ, որի արդյունքում Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1989թ., ձախ քունքային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը: Վերջինս ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, Սևանի լողափերից մեկում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցություն են ունեցել 1957թ. ծնված տղամարդ, 28-ամյա երիտասարդը, որից հետո՝ ժամը 19:15-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ ծնված 1957թ.՝ մահացած վիճակում, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Քննությամբ պարզվել է նաև, որ ձերբակալված անձը մահացած տղամարդու որդին է: Կատարվում է քննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
