Անի Կաղինյանը փաստաբանների պալատի վերաբերյալ ներկայացրել է սուտ տեղեկություններ․ ՓՊ մամուլի խոսնակ
Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Անի Կաղինյանի բացատրությանը, որը ներկայացրել էր ՓՊ՝ կապված Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի», փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ հարուցված կարգապահական վարույթին։ Հայտարարություն մեջ, մանավորապես, ասված է․ «Մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից հրապարակվել է Անի Կաղինյանի բացատրությունը ուղղված ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին՝ կապված փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի հետ: Այդ հրապարակային նյութի մեջ Անի Կաղինյանը փաստաբանների պալատի վերաբերյալ ներկայացրել է սուտ տեղեկություններ, մասնավորապես նշել է, որ Տ. Եգորյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու, թե առհասարակ հիմնադրամի իրավաբանական խնդիրների հարցում լուրջ աջակցություն է ցուցաբերում ՀՀ փաստաբանների պալատը, ինչպես նաև փաստաբանների պալատի կողմից իբրև հիմնադրամին աջակցող փաստաբանների համակարգող նշանակվել էր փաստաբան Հարություն Հարությունյանը: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտարարում է, որ՝ 1) նշված կարգապահական վարույթի շրջանակում որևէ աջակցություն կողմերից և որևէ մեկին չի ցուցաբերել և չի ցուցաբերում, 2) փաստաբան Հարություն Հարությունյանին կամ որևէ այլ փաստաբանի, փաստաբանների պալատը հիմնադրամին աջակցող փաստաբանների համակարգող երբեք չի նշանակել և չէր էլ կարող նշանակել: Տեղեկացնում ենք նաև, որ նշված կարգապահական վարույթով դիմող կողմ է հանդիսանում ոչ թե հիմնադրամը, այլ՝ հիմնադրամի երկու խորհրդի անդամ: Եթե հիմնադրամը կամ հիմնադրամի խորհրդի անդամները օգտվել են որևէ փաստաբանի իրավաբանական օգնությունից, ապա դա իրենց սահմանադրական իրավունքն է, սակայն նույնիսկ այդ հարցում փաստաբանների պալատը որևէ առնչություն չի ունեցել: Միաժամանակ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կոչ է անում լրատվամիջոցներին, հատկապես news.am և 1-in.am կայքերին, զերծ մնալ փաստաբանների պալատի դեմ չճշտված, միակողմանի և սոցիալական կայքերում տարբեր օգտատերերի կողմից տեղադրված նյութերը արտատպելու գայթակղությունից»:
