Սա անմարդկային ակտ էր, եզդիներն ահավոր ջղայնացած են Շամիրամի կոտորածից. Ազիզ Թամոյան
«Tert.am»-ի հետ զրույցում Աշխարհի ու Հայաստանի եզդիների միությունների նախագահ Ազիզ Թամոյանը, անդրադառնալով այսօր Շամիրամ գյուղում սգո սրահում իրականացված սպանդին, նշեց, որ նման անմարդկային քայլ դեռևս չէր գրանցվել: Նրա գնահատմամբ՝ եզդիական համայնքը բարկացած ու զարմացած է կատարվածից: -Պարո՛ն Թամոյան, որպես «Եզդիների ազգային միության» ու «Աշխարհի եզդիների միության» նախագահ՝ ինչպե՞ս եք գնահատում Շամիրամ գյուղում հասարակական միջոցառման ժամանակ մարդանց զանգվածային գնդակահարությունը: -Դա անմարդկային ակտ էր: Դա կարելի է համարել Ցեղասպանություն՝ ավտոմատով մտնել ժողովրդի մեջ…մասսայական… Դա ի՞նչ է նշանակում… Դա ամենակեղտոտ երևույթն է: Սենց բան մեր մեջ չէր եղել, սա առաջին անգամն էր: Համայնքը շատ վատ է գնահատում։ Հարյուրավոր մարդիկ ահավոր բարկացած են, զարմացած են։ Աշխարհում մենք մի բուռ ազգ են, մենք կոտորվող ազգ ենք, մենք պիտի համախմբվենք: Թե չէ սա ինչ է նշանակում… -Ինչ վարկածներ լսեցիք՝ ինչի՞ համար է նման արյունարբու քայլի դիմել: Փողի՞ : -Ասացին, որ փողի համար, բայց քննչական մարմինները պետք է պարզեն: -Իսկ լսե՞լ եք, որ սպանողի ու սպանվողների միջև հինավուրց վենդետա է եղել, իբր, սպանվողներն էլ նրա ազգականներին են սպանել: -Նման բան էլ ասացին, որ եղել է: Վաղուց է եղել, Ռուսաստանում: Բայց դա, չէ, դրանից չէր կարող լինել… չեմ հավատում ես: -Իսկ սպանողի ընտանիքին ճանաչո՞ւմ եք: -Իրեն անձամբ չեմ ճանաչել, իր հորն եմ ճանաչել, պապին: Պապին խելացի մարդ էր... Չես կարող, էլի, դա բնավորության գիծ ա... Յուրաքանչյուր մարդն իր էությունն ունի, իր կենսագրությունը: Դրանով չի որոշվում, էլի: -Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ լարվածությունն աճի և ավարտվի վենդետայով: -Չեմ կարող էսօր ենթադրություններ անել: -Իսկ պատրաստվում եք Ձեր հոգևոր առաջնորդի հետ միասին գնալ այդ գյուղերը, կոչ անել, որ հանկարծ նման քայլերի չդիմեն: -Չէ, մեր հոգևոր առաջնորդներն էլ էդքան հեղինակություն չունեն մեր հասարակության մեջ: Առաջ նման բան կար, բայց հիմա էդ հարգանքը վերացվել է: Ու որ գնա էլ, ոչինչ չի ստացվի: Մանրամաասները՝ այստեղ.
