WikiLeaks-ի հրապարակած Մակրոնի նամակներում առկա է տեղեկատվություն Հայաստանի մասին
WikiLeaks կայքը հրապարակել է ավելի քան 20 հազար էլեկտրոնային նամակ՝ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական արշավի հետ։ Այնտեղ կան նամակներ կապված նաև Հայաստանի հետ: Հրապարակված նամակներում կան կարևոր իրադարձությունների ամփոփագրեր, որոնք ուղղված են եղել հենց Մակրոնին: Այդ ամփոփագրերում, որոնք ուղարկվել են Մակրոնի նախընտրական շտաբի աշխատակցուհի Աննա Քրիստինին, ներկայացված են 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի արդյունքները, ինչպես նաև նրա ամենակարևոր հայտարարությունները։ Հատուկ նշվում է, որ Հռոմի պապը, նկարագրելով 1915 թվականի իրադարձությունները, գործածել է «Ցեղասպանություն» տերմինը, ինչն առաջացրել է Թուրքիայի ցասումը։ Մեկ այլ տեղ անդրադարձ է արվել Հայաստանի էկոնոմիկային: «Հայաստանը տառապում է բարձր գործազրկությամբ: Բնակչության գրեթե մեկ երրորդը ապրում է աղքատության գծից շատ ներքև: Բայց համակարգչային արդյունաբերության աճը կարող է փոխել իրավիճակը` տնտեսական առումով», – նշել է ամփոփագրի մեջ Էմանուել Մակրոնը:
