Արգելված թեմա.թուրքական կայքն անդրադարձել է թենիսիստ Դավիթ Նալբանդյանի ընտանիքի՝ ցեղասպանությունից փրկվելու պատմությանը
Թուրքական gazetekarinca.com կայքը ներկայացրել է հայկական արմատներ ունեցող արգենտինացի աշխարհահռչակ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի ու նրա ընտանիքի պատմությունը, որը կապված է Հայոց ցեղասպանության հետ: auroraprize.com կայքի «100 կյանք» նախագծի շրջանակում Նալբանդյանի հարցազրույցը թուրքական կայքը թարգմանել և ներկայացրել է ամբողջությամբ՝ օգտագործելով ցեղասպանություն բառն առանց չակերտների և անվանելով Նալբանդյանին աշխարհի ամենալավ թենիսիստներից մեկը: Պատմելով իր ընտանիքի մասին՝ հայազգի թենիսիստը նշել է, որ Ցեղասպանության տարիներին իր պապիկը 12 տարեկան է եղել, նա նախ հասել է Ֆրանսիա, իսկ ավելի ուշ՝ Արգենտինա: Նալբանդյանը փաստել է, որ իրենց անցյալի մասին նրանք շատ բան չգիտեն, քանի որ հայրենիքում որբացած Գևորգ պապիկը չի սիրել խոսել վերքերի մասին: «Դա մի թեմա էր, որի մասին շատ չէր խոսվում: Նա (պապիկը) ամեն անգամ արտասվում էր և չէր կարողանում ավարտին հասցնել սկսած պատմությունը», - հիշում է Դավիթը: Աշխարհահռչակ թենիսիստը նաև հիշում է, որ ամեն տարի ապրիլի 24-ն իր պապիկի համար ոչ աշխատանքային էր՝ նա փակում էր խանութն ու գնում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու: «Նա աղոթում էր իր մայրենի լեզվով ու կարդում Աստվածաշնչի Նոր կտակարանը: Իր հայրենի տնից իրեն միայն դա էր մնացել», - պատմում է Նալբանդյանը:
