Չունենք հակառակորդի կողմից դիտարկվող գոնե մեկ հատված. Լևոն Մնացականյան
«Առաջնագծում չունենք գոնե մեկ հատված, որ դիտարկվում է հակառակորդի կողմից: Վերջին շրջանում շփման գծի երկայնքով իրականացվել են հսկայական ինժեներական կահավորման աշխատանքներ:Դրանք իրականացվել են և՛ առաջնագծում, և՛ կրակային դիրքերում, և՛ կենտրոնացման շրջաններում՝ ամբողջ երկայնքով: Ուշադրության կենտրոնում եղել են առաջնային գիծն ու հենակետերը, որտեղ տեղադրվել են լրացուցիչ ծածկեր, բարելավվել են խրամուղիները, հաղորդակցման ուղիները: Համակարգված աշխատանք ենք ցուցաբերել և բարձրացրել ենք առաջնային գծում զինծառայողների մարտական հերթապահության կրման անվտանգությունը»,- Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանն այս մասին ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: «Ադրբեջանական կողմը հարձակողական մարտավարության մասին ավելի շատ հայտարարությունների մակարդակով է խոսում, իսկ իրականում` պաշտպանական լուրջ աշխատանքներ են իրականացնում:Մեր դիտարկման համակարգերով հնարավորություն ունենք դիտարկելու մինչև 10-15 կմ հեռավորությունների վրա և տեսնում ենք՝ ինչպիսի ահռելի աշխատանքներ են կատարում ինժեներական առումով՝ մինչև 7կմ, 10-15 կմ խորքում: Դա նշանակում է, որ ինչքան էլ իրենք հայտարարություններ անեն, միևնույնն է գիտեն, որ գա ժամանակը իրենք պետք է նաև պաշտպանվեն:Պաշտպանության բանակն անհրաժեշտության դեպքում անցնելու է հարձակման և իր խնդիրներն է լուծելու այդ տարածություններում»,- ասել է Լևոն Մնացականյանը:
