Կրակոցներ Վանաձորում. ոստիկանները «Վենեսիա» սրճարանում վնասազերծել են զինված 46-ամյա սամբիստին
Այսօր՝ հուլիսի 30-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող «Վենեսիա» սրճարանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն սրճարան են ժամանում Լոռու մարզի ոստիկանության, ինչպես նաև՝ Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժինների օպերատիվ խմբերը և Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Լոռու մարզի պահպանության բաժնի ծառայողները: Հենց տեղում ոստիկանների ճիշտ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ վնասազերծվում է կրակոցներ արձակողը, ով, ինչպես ժողովուրդն է ասում, «մինչև ատամները զինված էր», որին էլ բերման են ենթարկում Ոստիկանության Տարոնի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցների հեղինակը Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ 46-ամյա Վահրամ Ալթունյանն է, ով Վանաձորում ավելի շատ հայտնի է «Սամբիստ Վահրամ» մականվամբ: Դեպքի վայրում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության քննիչները՝ վարչության պետ Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, ում որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Եվ խմբում ներգրավված քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանների կողմից «Սամբիստ Վահրամի» ձեռքից խլված AKM տիպի ինքնաձիգը առգրավվել է, և քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, մատնադրոշմային: Քննիչի որոշմամբ Վ. Ալթունյանը ձերբակալվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
