Բոլորը վախենու՞մ են, որ կձայնագրվեն․ ԲԴԽ անդամը՝ սկանդալային ձայնագրության մասին (video)
Բոլորիդ էլ հայտնի է, թե ձայնագրությունն ինչ պայմաններում էր տեղի ունեցել եւ ամբողջ դատական համակարգի վրա տարածել, ասել՝ թե բոլորը վախենում են, որ իրենց կձայնագրեն, մի քիչ ռեալ չեմ համարում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից իր ու Գագիկ Ջհանգիրյանի խոսակցությունը ձայնագրելու եւ հրապարակելու փաստին:
Նա նշեց, որ ինքն այնպիսի բան չի խոսել, որ մտավախություն ունենա, թե դա կարող էր ձայնագրվել ու իր դեմ օգտագործվել:
Հարցին, թե ի՞նչ է փոխվել այն բանից հետո, երբ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի պաշտոնը լքել է Գագիկ Ջհանգիրյանը, Մակյանը պատասխանեց. Փոխվել է այն, որ այսօր այն սահմանագծին ենք աշխատում, որ երբեմն քվորում չի ապահովվում, ընդամենը քանակային առումով: ԲԴԽ նախագահը ղեկավար չէ, չի կարելի էասել, որ նա նաեւ ԲԴԽ անդամների ղեկավարն է, նա հավասար ձայներից օգտվող անձ է, ընդամենը արտաքին հարաբերություններում ապահովում է ԲԴԽ շփումները: ԲԴԽ նախագահի փոփոխությամբ ԲԴԽ-ում մեծ փոփոխություններ չեն կարող լինել»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք հիմա կա՞ն դատավորներ, որ նախկին իշխանության ազդեցության տակ են, ինչին Մակյանն արձագանքեց. «Ես չեմ ուզում տարանջատում անել, դատավորը ներքին անկախություն պետք է ունենա»:
Ինչ վերաբերում է նրան, որ 2018-ի կոռուպցիոն գործեր կան, որոնցով մինչ այժմ որոշումներ չեն կայացվել, նա ասաց. «Դատական համակարգի ծանրաբեռնվածությունը խայտառակ մակարդակի է: Երբ ես նոր էի դատավոր աշխատում, Աջափնյակի դատարանը կարող էր տարեկան ստանալ 100 գործ, իսկ հիմա ամեն դատավորի վարույթում 200 քրգործ կա: Դրա համար դատական նիստերը ձգձգվում են: Այնպես չի, որ քաղաքական իշխանությունը միջամտում է, որ ձգձգվեն: Հակառակը, բոլորն այս պահին, այդ թվում քաղաքական իշխանությունը, շահագրգիռ են, որ նույն կոռուպցիոն գործերով կայացվեն դատական ակտեր»:
