Հայ օդաչուն փրկել է թուրքական ինքնաթիռը եւ ուղեւորներին
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զանգահարել է օդաչու Ալեքսանդր Ակոպովին, ով հերոսաբար վթարային իրավիճակում կարողացել էր բարեհաջող կերպով նստեցնել ինքնաթիռը Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում, և անձամբ շնորհակալություն է հայտնել նրան այդ արարքի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը: «Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի և աննախադեպ տոկունության շնորհիվ այսուհետ ինքնաթիռի 121 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները կարող են տոնել իրենց երկրորդ ծննդյան օրը: Ուկրաինան հպարտանում է նման որդիներով»,- հեռախոսազրույցի ժամանակ ասել է նախագահ Պորոշենկոն: Նա հայտնել է նաև, որ որոշում է կայացրել ստորագրել հրամանագիր Ալեքսանդր Ակոպովին «Արիության» մեդալով պարգևատրելու մասին: Պորոշենկոն խոստացել է նաև, որ անձամբ է հանձնելու պարգևը, երբ օդաչուն օգոստոսի կեսերին լինի Ուկրաինայում: Իր հերթին Ակոպովը նախագահին պատմել է կատարվածի մանրամասները՝ հայտնելով, որ չնայած տեղի ունեցած արտակարգ դրության՝ լավ տրամադրություն ունի և պատրաստ է հետագայում էլ կատարել իր պարտականությունները: Նա շնորհակալություն է հայտնել Պորոշենկոյին հեռախոսազանգի և բարձր պետական պարգևի համար: Թուրքական Atlas Global ավիաընկերության ինքնաթիռը, որը Ստամբուլում հորդառատ անձրևի և խոշոր կարկուտի տակ է հայտնվել, ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովի շնորհիվ հերոսական վայրէջք է կատարել Աթաթուրքի օդանավակայանում: Կարկուտի հետևանքով մեծ վնաս էր կրել ինքնաթիռի քթամասը, կոտրվել էին դիմապակիները, վնասվել էր ավտոպիլոտը: Օդաչուին հաջողվել է նստեցնել ինքնաթիռը կողքի պատուհանից նայելու շնորհիվ: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդաչուին ծափահարել է ողջ օդանավակայանը: Մյուս ինքնաթիռների օդաչուները դրոշակներ են բարձրացրել և մոտեցել են օդաչուին՝ սեղմելով նրա ձեռքը: Սոցիալական ցանցերում օդաչուի ազգանունից դատելով ենթադրություններ են անում, որ նա հայ է:
