Ռուսաստանին մեծ փորձություններ են սպասվում, իսկ Հայաստանը պարտավոր չէ դրանք վերցնել իր վրա
«Առավոտ» թերթը գրում է. «Նախօրեին ամերիկացի օրենսդիրները հազվագյուտ համերաշխությամբ քվեարկեցին հօգուտ օրինագծի, որով աննախադեպ խստության պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի նկատմամբ: Այս փաթեթը ծանր հարված է Մոսկվայի թե ռազմական, թե տնտեսական կարողություններին՝ այն կարողություններին, որոնց ապավինելով՝ պաշտոնական Երևանը շարունակում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում՝ ճանաչելով Ռուսաստանին որպես «ռազմավարական դաշնակից»: Փաստն այն է, ինչի մասին խոսում են նույնիսկ ռուսաստանցի փորձագետները, որ այդ երկրին մեծ փորձություններ են սպասվում, և ամենևին էլ փաստ չէ, որ Հայաստանը պարտավոր է շարունակել իր «ավանդական» քաղաքականությունը և այդ փորձությունները հրավիրել իր վրա: Հայաստանում արդեն իսկ հնչում են կոչեր վերագնահատելու անվտանգության, արտաքին տնտեսական քաղաքականության մոտեցումները: Որքանո՞վ է դա արդարացված, ո՞րն է Հայաստանի իրական շահն այս նոր դասավորության մեջ՝ կարող է ապացուցվել միայն հրապարակային բանավեճի արդյունքում: Համենայնդեպս, պարզ է, որ «առաջվանն» այլևս չկա և չի լինելու, իսկ ինչ է լինելու սրանից հետո՝ կախված է բոլորիցս՝ բոլորի հավաքական կամքից ու ինտելեկտից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
