Դուք ի վիճակի՞ եք Մարտի մեկի գործում գնալ իշխանությունների և քաղաքական թիմի դեմ. Արամ Մանուկյանը՝ Արման Թաթոյանին
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին ԱԺ պատգամավորները հարցեր են ուղղում ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին:ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախ հայտարարեց, թե իրենք նրան դիտարկում են որպես Սերժ Սարգսյանի կադր: «Իրականությունը վեր է ամեն ինչից: Բայց մենք ձեզ դիտարկում ենք որպես Սերժ Սարգսյանի կադր: Եթե մինչև հիմա դուք ազատություններ ունեիք, ապա հիմա դա էլ չեք ունենալու: Այն, որ դուք լավ կենսագրություն ունեք, տեղյակ ենք, լավ կրթություն եք ստացել, այս պահին դառնում է ի չիք, դրանք լավ գործիքներ են, բայց ի չիք են դառնում այն առումով, որ դուք մտել եք մի դաշտ, որտեղ Մարտի մեկը ամենալուրջ մարտահրավերն է: Ինչքան էլ այս հարցը տարբեր ձևերով կրկնեն, դա ապացուցում է, որ մեր երկրում կա մի խութ, մի խայտառակություն, որը մնալու է այնքան, մինչև այն բացահայտվի: Դուք մտնում եք այդ բեռի տակ: Տարի ու կես առաջ դատախազը ինձ և Մարտի մեկի զոհերի ծնողներին տղամարդու խոստում տվեց, բայց այդ գործն ամենևին առաջ չի գնում այն դեպքում, երբ դրա բացահայտումը, ինչպես պարոն Շարմազանովն էր այսօր ասում, մեկին գումարած մեկ է: Հիմա խնդիրը մեկն է, և հարցը շատ կոռեկտ: Դուք կարո՞ղ եք այս գործը առաջ տանել: Վեց ամիս կամ մի տարի հետո, երբ զեկույց կամ ծրագիր բերեք, ես այս հարցը ձեզ նորից տալու եմ: Եվ այս հարցը տալիս եմ նրա համար, որ հասարակությունը լսի՝ Դուք ի վիճակի՞ եք, ձեր կամային հատկությունները թո՞ւյլ են տալիս այս գործում առաջընթաց, բացահայտում անել, գնալ իշխանությունների, քաղաքական թիմի դեմ: Սա է ինձ հուզող խնդիրը: Դուք ունե՞ք այդ կամքը, համարձակությունը գնալ այդպիսի քայլերի»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:
