Ուշադրություն. բուժհիմնարկներում այլևս չի լինի պետպատվերի գումարների վերջացում
Կառավարության նիստից հետո,ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված՝ առողջապահության ոլորտին հատկացվող ծախսերի կրճատմանը: ինչպես ասաց՝ ցանկացած սցենարում չեն նախատեսել կրճատումներ այն գումարներից, որոնք ուղղած կլինեն 612 հազար սոցիալապես անապահով խավի ապահովագրությանը: Խոսքը մոտավորապես 14 միլիարդ դրամի մասին է: Անդրադառնալով պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման խնդին նշեց, որ այսօր ընդունված նախագիծը վերաբերում է միայն սոցփաթեթի շահառուների ներգրավմանը՝ ապահովագրական գործընթացի մեջ: Տեղեկացրեց, որ 80 հազարից 100 հազար սոցփաթեթի շահառու կանցնեն ապահովագրական համակարգով ծառայությունների ստացման: Ըստ նրա՝ եթե պիլոտային այս ծրագիրն իրեն արդարացնի, ապա մեկ տարի հետո կներդրվի ընդհանուր ապահովագրական համակարգ: «Եթե մինչ օրս մենք ունեինք կանխավճարային մոդիֆիկացիա, այսօր որոշում ընդունվեց, որ սեպտեմբերից այդ գործընթացը լինի ապահովագրական բանաձևով՝ այսինքն` հետվճարային: Բոլոր հայտ ներկայացրած ընկերությունների հետ համագործակցություն է լինելու:Հայաստանի շուկայում գործում է 6 ապահովագրական ընկերություն, եթե չեմ սխալվում, բոլորն էլ հայտ են ներկայացրել մասնակցելու այդ ծրագրին»,-ասաց նա: Նախարարը վստահեցրեց, որ բուժհիմնարկներում այլևս չի լինի պետպատվերի գումարների վերջացում կամ հերթագրման պատճառով բուժսպասարկում տրամադրելու ուշացում:
