Վազգեն Խաչիկյանի ունեցվածքը կբնագանձվի՞
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վանաձոր ՔԿՀ-ի դատապարտյալ Վազգեն Խաչիկյանի գործով առաջին դատական նիստը: Դատախազությունը պահանջում է Վազգեն Խաչիկյանի ունեցած գույքի վրա տարածել բռնագանձում, ընդհանուր սեփականության իրավունքում նրա բաժնեմասն առանձնացնել, բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների առարկելու, ինչպես նաև շուկայական գնով բաժինը գնելու կամ ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառել: Նիստը նախագահում էր դատավոր Տիգրան Գրիգորյանը: Ինչպես տեղեկացրեց դատավորը՝ Վազգեն Խաչիկյանի անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Լոռու մարզի Ախթալա համայնքի Սպանդարյան 23/2 բնակարանը, սակայն Տիգրան Գրիգորյանը զեկուցեց, որ դատախազությունը չի ներկայացրել նշված հասցեի տանը Վազգեն Խաչիկյանի համասեփականատեր լինելու հանգամանքը, այդ իսկ պատճառով դատարանը որոշում է հետաձգել դատական նիստը: Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը զբաղեցրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը: Նա 2014թ. դեկտեմբերի 8-ին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ 2006-2010 թվականներին կազմակերպված խմբով մահացած կամ Հայաստանից բացակայող կենսաթոշակառուների թոշակների ավելի քան 260 միլիոն դրամ գումարը յուրացնելու համար: Վազգեն Խաչիկյանի կողմից պետությանը վնաս պատճառելու հանգամանքը հաստատվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015թ. ապրիլի 1-ի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, որով որոշվել է Խաչիկյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 29.000.000 դրամ, որպես վերջինիս կողմից պետությանը հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, իսկ համապարտության կարգով՝ 97.620.888 դրամ և 27.532.736 դրամ: Գործի բուն դատաքննության ժամանակ դատախազությունը մեղադրյալների դեմ ներկայացրել էր 267.583.336 դրամի քաղաքացիական հայց, որը բավարարվել էր մասնակիորեն` 201.186.157 դրամի չափով: Դատախազության պնդմամբ՝ նշված որոշման կատարումն ապահովելու համար տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթների ընթացքում պարզվել է, որ Վազգեն Խաչիկյանի անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Լոռու մարզի Ախթալա համայնքի Սպանդարյան 23/2 բնակարանը: Հենց նշված բնակարանում Վ.Խաչիկյանի բաժնեմասն առանձնացնելու պահանջով էլ հայց է հարուցվել դատարան:
