ՔՊ-ի մութ տրամադրությունները բացահայտում են յուրայինները

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրված, երեկ էլ իշխանությանն առընթեր ՀԿ-ների եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում լսումներ էին անցկացնում։ Ինչպեսեւ գրել էինք՝ ՔՊ-ն հերթական անգամ ԸՕ-ն վերաձեւում է իր «հագով»․ նախագծի հիմնական բանախոս Վահագն Հովակիմյանը լսումների ժամանակ՝ բացման խոսքում ասաց, թե իբր փոփոխությունների անհրաժեշտությունն առաջ է եկել 2021 թվականի խորհրդարանական եւ ապա՝ անցած տարեվերջի ՏԻՄ ընտրություններից հետո, եւ որ լրացումներն ավելի շատ տեխնիկական բնույթ են կրում։

Սակայն քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ իշխանությունը ՔՊ-ն այնպիսի տեսքի է բերում, որ առաջիկա ընտրություններին կարողանա ավելի անարգել զավթել իշխանությունը՝ անգամ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է։ Կարճ ասած՝ ՏԻՄ ընտրություններից որոշել են դասեր քաղել եւ հարթել բոլոր օրենսդրական եւ իրավական խոչընդոտները, որոնք բարդացնում են իշխանությունն ընդդիմությունից խլելու գործընթացը։


ՔՊ-ականների հակաժողովրդավարական, խայտառակ փոփոխություններն այնքան ցցուն էին, որ դրանց վրա աչք փակել չկարողացավ անգամ իշխանությունների մոլի պաշտպան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Նրա եւ Վահագն Հովակիմյանի հարցուպատասխանը ջրի երես հանեց իշխանության անգրագետ, երեսպաշտ պահվածքը, թե ինչպես էին մի ժամանակ փնովում Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությունը, որն օրենսդրական ճանապարհով պարարտ հող էր ստեղծել քաղաքական առեւտրի համար, մասնավորապես՝ համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում էր գաղտնի քվեարկությամբ, եւ տարիներ առաջ՝ 2016-ին, Վանաձորի ընտրություններից հետո այդպես էլ հանելուկ մնաց, թե ընդդիմադիր կոչվող խմբակցություններից որ մեկն էր իր վճռորոշ քվեով նպաստել Մամիկոն Ասլանյանի ընտրությանը, այն պարագայում, երբ «Լուսավոր Հայաստանը»՝ ի դեմս Քրիստ Մարուքյանի, ամենաշատ ձայներն էր տարել։ Հիմա, նոր փոփոխություններով՝ ՔՊ-ն ուզում է կրկին վերադառնալ նախկին արատավոր համակարգին եւ ավագանու նիստում համայնքի ղեկավարի ընտրության քվեարկությունը դարձնել գաղտնի։

Ուշագրավ է, որ նախագծում որեւէ հիմնավորում չի ներկայացվում, թե ինչու է արվում այդ փոփոխությունը։ Իսկ Դանիել Իոաննիսյանի հարցերին ի պատասխան՝ նախաձեռնող Հովակիմյանը կմկմում էր, «կռուտիտներ» անում՝ այդպես էլ հստակ չպատասխանելով բուն հարցին։ «Մինչեւ անցյալ տարի ԸՕ փոփոխությունները, համայնքի ղեկավարի ընտրությունը փակ-գաղտնի էր, հետո դարձրինք բաց քվեարկությամբ։

Քանի դեռ այն փակ էր, մենք տեսնում էինք, թե ինչպես էր քաղաքական առեւտուր տեղի ունենում։ Մենք՝ բոլորս, այդ թվում դուք՝ Ձեր քաղաքական ուժը, քննադատում էիք փակ քվեարկությունը։ Դրանից հետո, երբ դարձավ բաց քվեարկությամբ, մենք տեսանք, թե ինչպես է իշխանությունը որոշ համայնքներում, որտեղ հաղթել էր ընդդիմությունը, փորձում ճնշում գործադրել, համոզել, «առնել» ընդդիմադիրներին (ընդ որում` «առնելն» ուղիղ իմաստով չէ, որ պետք է հասկանանք, ինչ-որ պաշտոններ էիք խոստանում, ինչպես Մեղրիում եւ այլն), որպեսզի ընդդիմադիրները քվեարկեն ձեր թեկնածուի օգտին։

Բայց շատ ընդդիմադիրներ չքվեարկեցին ՔՊ-ի օգտին, եւ, բացառությամբ Թալինի, մյուս համայնքներում ընդդիմադիր ղեկավարներ ընտրվեցին հենց շնորհիվ այն բանի, որ ընտրությունը տեղի էր ունենում բաց քվեարկությամբ, եւ իրենք հաշվետու պետք է լինեին իրենց ընտրողների առջեւ»,- ելույթում ասաց Իոաննիսյանը։ Վահագն Հովակիմյանը փորձեց տակից դուրս գալ, թե, մեր օրենսդրության համաձայն, անձերի ընտրությունը, որպես կանոն, փակ քվեարկությամբ է տեղի ունենում։

Իոաննիսյանն առաջարկեց՝ այդ դեպքում եկեք վարչապետի ընտրությունն էլ փակ քվեարկությամբ դարձնենք։ Հովակիմյանի հաջորդ պատասխանն ավելի զվարճալի էր․ «Պետք է ավագանուն հնարավորություն տալ, որ քվեարկի խղճի մտոք»։ Ասաց, որ անցած տարի «տեխնիկական սխալ» է տեղի ունեցել, երբ փակից բացի են անցել․ «Ես էլ իմ մեղքի բաժինն ունեմ այդ տեխնիկական սխալում»:

Իոաննիսյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Վահագն Հովակիմյանն ԱԺ ամբիոնից ողջունում էր այդ փոփոխությունը․ «Ինչ է՝ չէիք կարդացել նախագիծը, բայց կո՞ղմ եք քվեարկել»։ Մյուս փոփոխությունը վերաբերում էր նախընտրական հիմնադրամներին, որը, Իոաննիսյանի խոսքով, ՔՊ-ն կրկին իր համար է անում։ «Նախագծով սահմանվում է, ըստ էության, ավելի հեշտ կլինի ֆինանսական հաշվետվություն տալ, գործունեություն վարել ի վնաս թափանցիկության, հաշվետվողականության, ի վնաս ընտրությունները փողով չզավթելու սկզբունքի։

Մենք սահմանել էինք ֆինանսական շեմ, որ գաղափար ունեցողների փոխարեն փող ունեցողները չկարողանան առավելություն ստանալ։ Եթե մենք այդ շեմը վերացնում ենք եւ կարողանում ենք բազմապատկել մասնակցած ընտրությունների քանակով, ի՞նչ հնարավորություններ ենք տալիս փող ունեցողներին, որ կարողանան արհեստականորեն շատ տեղերում առաջադրվել, անցողիկ շեմը բազմապատկել արհեստականորեն առաջադրված տեղերի քանակով եւ մի համայնքի վրա ծախսեն շատ ավելի գումար, քան մրցակիցնե՞րը, որոնք գուցե շատ ավելի լավ գաղափարներ ունեն, բայց փող չունեն, ու փողը կգերիշխի։ Սա անում է ԱԺ պատգամավոր, այն պարագայում, երբ օրենքն արգելում է, քանի որ իր համար շահեր է առաջացնում։

Գուցե այս հարցն ուղարկեք Վենետի՞կ։ Սա հարց է, որին Վենետիկի հանձնաժողովը ժամանակին գնահատական է տվել, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունն անդրադարձել է, սա ամենեւին էլ տեխնիկական հարց չէ»,- ասաց Իոաննիսյանը։

Հովակիմյանը պատասխանեց, թե Վենետիկն արդեն իր կարծիքը հայտնել է 20-21 թթ․ «Եվ հետո՝ մենք Վենետիկի հանձնաժողովին ոչ թե վերադաս ենք դիմում, այլ խորհրդատվական կարծիք ենք ուզում լսել»։

Իոաննիսյանը պահանջեց կոնկրետ նշել, թե ինչ է ասել Վենետիկը, սակայն պատգամավորն այդպես էլ չկարողացավ պատասխանել, քանի որ չկա նման կարծիք։ ԸՕ-ում այլ փոփոխություններ էլ են նախատեսվում, օրինակ՝ ՔՊ-ում կարծում են, որ շրջիկ արկղերի ինստիտուտը չարաշահման լրջագույն ռիսկեր է պարունակում, իսկ թե ուր մնաց քաղաքացու ընտրելու իրավունքը, հատկապես առողջական խնդիրներ ունեցողներինը, դա նրանց չի հուզում, ուստի առաջարկում են հրաժարվել շրջիկ քվեարկության ինստիտուտից։ Մյուս փոփոխություններին կանդրադառնանք առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 444 անգամ
Լրահոս
«Հայրենիք» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած միջադեպի կասկածյալը ձերբակալվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am