Աննախադեպ լարում` ՀՀ սահմանակից երկրի հետ հարաբերություններում

Գերմանիան փոխում է իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ Թուրք-գերմանական հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթնակետին: Եվրամիության առաջատար ու ամենաազդեցիկ անդամ երկրներից Գերմանիան օր օրի ուժեղացնում է ճնշումները Անկարայի նկատմամբ, սպառնալով անգամ սահմանափակել Թուրքիայում գերմանական ներդրումները, վերանայել Անկարային զենք-զինամթերք մատակարարելու հարցը: Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, ով Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին կալանավորելուց հետո ընդհատել է արձակուրդն ու վերադարձել Բեռլին, հուլիսի 20-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Գերմանիան փոխում է իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ: Նա պահանջել է անմիջապես ազատ արձակել Ստոյդթներին ու կալանավորված մյուս իրավապաշտպաններին: «Միշտ համբերատար ենք եղել Թուրքիայի նկատմամբ, անգամ, երբ այդ երկրի իշխանությունները Գերմանիային ֆաշիստ անվանեցին: Սակայն այդ համբերությունն արդեն հատվում է»,- նշել է արտգործնախարարը: Գաբրիելի հայտարարություններին աջակցություն էր հայտնել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Գերմանիայի իր գործընկերոջը՝ Զիգմար Գաբրիելին, երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Այս մասին Չավուշօղլուն խոսել է թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում՝ անդրադառնալով Թուրքիայում գերմանացի իրավապաշտպանի կալանավորումից հետո պաշտոնական Բեռլինի կողմից հնչեցված հայտարարություններին: «Թուրքիան ոչ մի սպառնալիքի կամ շանտաժի չի ենթարկվում» Գաբրիելը հայտարարել էր, որ սկզբնական փուլում Թուրքիային ուղղված քայլեր են ձեռնարկելու երեք տարբեր կետերով. ոչ ոքի խորհուրդ չտալ ներդրումներ անել մի երկրում, որտեղ օրենքը երաշխավորված չէ, նախազգուշացնել Թուրքիա մեկնել պատրաստվող Գերմանիայի քաղաքացիներին, վերանայել Թուրքիային ուղղված ԵՄ ֆինանսական աջակցությունը: Ի պատասխան այս հայտարարության՝ Չավուշօղլուն նշել է, որ իրենք «անպայման պատասխանելու են այս քայլերին»: «Գերմանիան ամենալավը գիտի, որ Թուրքիան ոչ մի սպառնալիքի կամ շանտաժի չի ենթարկվում», ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Նա գերմանական կողմից հնչեցվող հայտարարություններն անվանել է նախընտրական շրջանի «պոպուլիստական» քայլեր: Չավուշօղլուն հերթական անգամ մեղադրել է գերմանական կողմին ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու մեջ՝ նշելով, թե տարբեր երկրների կողմից արտաքսվող ահաբեկիչներն ապաստան են ստանում Գերմանիայում: «Գերմանիան դարձել է այն առաջատար երկիրը, որտեղ Թուրքիայի դեմ գործող ահաբեկիչներն ու ահաբեկչական խմբավորումները վերսկսում են իրենց գործունեությունը»,- ասել է նա: Էրդողանի հետ տարիներ շարունակ աշխատող մարդիկ բանտերում են Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ աջակցում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Գերմանիայի կառավարության որոշմանը: «Էրդողանի հետ տարիներ շարունակ աշխատող մարդիկ այժմ կամ բանտերում են, կամ չեն համարձակվում իրենց բերանը բացել: Մենք դա չենք ընդունում», ասել է Գերմանիայի նախագահը։ Գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում ելույթ ունեցած Շտայնմայերը նաև նշել է, որ ողջունում է ԱԳ նախագահ Զիգմար Գաբրիելի՝ գերմանաբնակ թուրքերին ուղղված բաց նամակը: «Դա իսկապես շատ ցավալի է և այդ պատճառով անհրաժեշտ է թուրքական ծագմամբ մեր քաղաքացիներին ուղղված հայտարարություն կատարել», – նկատել է նախագահը: Գերմանիայի արտգործնախարար Գաբրիելի հեղինակած բաց նամակը գերմանական «Bild» թերթում հրապարակվել էր հուլիսի 22-ին: Նախարարը նշել էր, որ Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորման պատճառով անհրաժեշտություն է ստեղծվել այդ երկրի հետ հարաբերություններում նոր մոտեցում մշակել: «Մենք միշտ կողմ ենք եղել Թուրքիայի հետ լավ հարաբերություններին, քանի որ գիտենք, որ Գերմանիայի և Թուրքիայի միջև լավ հարաբերությունները ձեզ համար կարևոր են»,- ասված է նամակում: Եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը Գերմանիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Մարտին Շուլցը պահանջել է Թուրքիայում գտնվող գերմանացի զինվորներին այցելելու արգելքի պահմանման պարագայում հանել Քոնիայի ավիաբազայում գտնվող գերմանական զորքը: Գերմանացի պատգամավորների՝ Քոնիայի ավիաբազայում գտնվող գերմանացի զինվորականներին այցելելու արգելքին անդրադառնալով՝ Մարտին Շուլցը նշել է. «Եթե Թուրքիան շարունակի մեր պատգամավորներին զրկել Քոնիայում գտնվող գերմանացի զինվորականներին այցելելու իրավունքից, անհրաժեշտ է գերմանական զորքը դուրս բերել այդ ավիաբազայից: Արգելքը մեզ համար անընդունելի է: Մենք շատ լավ գիտենք, թե մեր զինվորները ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում ինչ պայմաններով են տեղակայվել այդտեղ»: Շուլցը հավելել է նաև, որ չնայած ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում ծառայություն իրականացնելու հանգամանքին, գերմանական բանակը կապված է գերմանական խորհրդարանին: «ՆԱՏՕ-ն հստակ պետք է հասկացնի Թուրքիային, որ նման քայլերը խոչընդոտում են ՆԱՏՕ-ի գործունեությանը: Եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը, գերմանական զորքերը պետք է դուրս բերվեն Քոնիայի ռազմաբազայից»,- եզրափակել է Շուլցը: ՆԱՏՕ-ն միջնորդում է թուրք-գերմանական կոնֆլիկտի կարգավորման գործում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հյուսիսատլատյան դաշինքի միջնորդությունն է առաջարկել Գերմանիայի և Թուրքիայի միջև հակամարտության լուծման գործում։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն առաջարկել է կազմակերպել գերմանացի օրենսդիրների այցը թուրքական ավիաբազայում ծառայող զորքերին՝ փորձելով լուծել կոնֆլիկտը երկու դաշնակիցների միջև»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Անկարան անձամբ էր ձգտում սահմանափակել Բեռլինի հետ սկանդալի տնտեսական հետևանքները։ Վերջինս մերժել էր Գերմանիային ուղղված խնդրանքը՝ անցկացնելու հետաքննություն հարյուրավոր գերմանական ընկերություններում, որոնք, Թուրքիայի կարծիքով, կարող են կապեր ունենալ ահաբեկչության հետ։ Թուրքիան անընդմեջ հեռանում է եվրոպական չափանիշներից Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը Բրյուսելում նախատեսված՝ Եվրամիություն-Թուրքիա բարձր մակարդակի երկխոսության շրջանակում հերթական նիստից առաջ Անկարային հերթական անգամ կոչ է արել հարգել մարդու իրավունքները և բոլորին հնարավորություն տալ իրենց կարծիքն արտահայտելու: Հանը, մասնավորապես, հայտարարել է, թե Բրյուսելում անհանգստացած են «Ջումհուրիյեթ» թուրքական ընդդիմադիր թերթի հայտնի լրագրողների և նրանց գործընկերների նկատմամբ Ստամբուլում նախօրեին մեկնարկած դատավարությամբ: Ահաբեկչական կառույցներին աջակցություն ցուցաբերելու մեջ մեղադրվող թուրքական առաջատար պարբերականի աշխատակիցների դատավարությունը տեղի է ունենում Գերմանիայի և Թուրքիայի միջև օր օրի խորացող լարվածության ֆոնին: Երկու դաշնակից երկրների հարաբերությունները կրկին սրվեցին վերջին շաբաթներին, երբ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալեց մի խումբ իրավապաշտպանների, որոնց թվում է նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները: Թուրքիան նրանց ևս մեղադրում է ահաբեկիչներին սատարելու մեջ: Ինչպես հայտարարել է Յոհանես Հանը, Եվրամիությանն անդամակցել ցանկացող Թուրքիան «անընդմեջ հեռանում է եվրոպական չափանիշներից»: «Այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, շատ մտահոգիչ է, հատկապես երբ գործը հասնում է լրագրողներին և լրատվամիջոցներին: Ես կարող եմ միայն կոչ անել թուրքական իշխանություններին՝ հարգել խոսքի ազատությունը և հնարավորություն տալ բոլորին իրենց կարծիքն արտահայտելու», - ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան: Մեկ տարի շարունակ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններն ու Թուրքիայի արևմտյան դաշնակիցները խստորեն քննադատում են երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին նրա կառավարման օրոք մարդու իրավունքների ոլորտում արձանագրվող աննախադեպ հետընթացի համար: Անկարան ոչ միայն չի հետևում կոչերին, այլև հետզհետե ավելի է խստացնում ճնշումները: Անցյալ տարվա ձախողված պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում կալանավորվել է 50 հազար մարդ, շուրջ 150 հազարը ձերբակալվել կամ հեռացվել է աշխատանքից: Թուրքիայի լրագրողների միության տվյալներով՝ իշխանությունների կողմից իրականացված զտման արդյունքում երկրում փակվել է 150 լրատվամիջոց, շուրջ 160 լրագրող գտնվում է ճաղերի ետևում: Կոչ են անում Թուրքիային դադարեցնել լրագրողների հետապնդումը Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների դեմ քրգործով հուլիսի 24-ից դատական նիստի մեկնարկը ևս մեկ անգամ շեշտադրում է այդ երկրում լրագրությունը պաշտպանելու ու լրատվամիջոցների ազատությունը բարելավելու անհրաժեշտությունը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրի հայտարարության մեջ: «Ես ուշի ուշով հետևելու եմ դատական գործընթացին, որը սկսվել է այս առավոտ Ստամբուլում՝ ընդդեմ «Ջումհուրիեթ»-ի 17 առաջատար լրագրողների, խմբագիրների և աշխատակիցների, այդ թվում և Ջան Դյունդարի, Քադրի Գյուրսելի, Մուրաթ Սաբունջուի և Ահմեթ Շըքի: Ժողովրդավարության առաջ մղման գործում լրագրությունն առանցքային դերակատարում ունի: Հետևաբար, ես կոչ եմ անում Թուրքիային դադարեցնել հետապնդումը, ազատ արձակել բոլոր այն լրագրողներին, ովքեր բանտարկվել են մասնագիտական գործունեության համար, և նախաձեռնել այնպիսի քաղաքական բարեփոխումներ, որոնք կպաշտպանեն երկրում մեդիայի ազատությունը»,- ասել է Դեզիրը: Նա ընդգծել է, որ հասկանում է ահաբեկչության դեմ պայքարելու ու ազգային անվտանգությունը պաշտպանելու կարևորությունը, սակայն դա պետք է արվի՝ հարգելով մարդու հիմնարար ազատությունները, այդ թվում և խոսքի ազատությունը: «Խոսքի ազատությունը և անվտանգությունը պետք է առաջ գնան ձեռք ձեռքի տված, քանի որ դա միակ արդյունավետ ճանապարհն է՝ կառուցելու ուժեղ և ժողովրդավար հասարակություն»,- նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչը: Մտահոգություն հայտնելով Թուրքիայում խոսքի ազատության վիճակի առնչությամբ՝ Դեզիրը նկատել է, որ սահմանափակումներից տուժում են ոչ միայն լրագրողները, այլև սոցիալական մեդիայի օգտատերերը, իրավապաշտպանները և ակադեմիկոսները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 89 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am