Սիրիական ճգնաժամը կարող է գնալ շատ հեռու. Վագենկնեխտ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա անհրաժեշտ է ճնշում բանեցնել և վերջ տալ «Իսլամական պետության» հետ իրա գաղտնի կապերին: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` «Der Spiegel» պարբերականին տված հարցազրույցում նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի բունդեսթագի ձախ կուսակցության խմբակցության համանախագահ, կուսակցության փոխնախագահ Սառա Վագենկնեխտը`հավելելով, որ հակառակ պարագայում սիրիական ճգնաժամը կարող է գնալ շատ հեռու: Վերջինիս խոսքով`սիրիական ճգնաժամի հետագա սրացման հավանականությունը չափազանց բարձր է: Գերմանացի քաղաքական գործիչը հատուկ շեշտել է այն իրողությունը, որ այս պահին երկրում ծավալվող ռազմական գործողություններին մասնակցում է 15 երկիր`հավելելով, որ երբեմն նրանք գործում են միասին, երբեմն`զուգահեռ, և անգամ միմյանց դեմ: Ըստ Սառա Վագենկնեխտի` չկա ճգնաժամի կարգավորման ընդհանուր մարտավարություն: Անգամ բացակայում է պայմանավորվածությունն առ այն, որ ԻՊ-ի դեմ պայքարը կարևորագույն խնդիրն է: Օրինակ Թուրքիան, ըստ գերմանացի քաղաքական գործչի, ունի այլ «առաջահերթություններ» և սերտ կապեր է պահպանում ահաբեկիչների հետ:
