«Սասնա ծռերի» գործով դատական նիստը սկսվեց միջադեպով
«Սասնա ծռերի» գործով դատական հերթական նիստը սկսվեց ոստիկանների ու փաստաբանների միջև միջադեպով։ Դատական նիստերի քարտուղարը հայտնեց, որ դատական նիստին ներկայացվել են 11 ամբաստանյալները, բացակայում են պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը, Արա Զաքարյանը, Արա Ղարագյոզյանը, Արայիկ Պապիկյանը, Լուսինե Սահակյանը, Տիգրան Եգորյանը և Հայկ Ալումյանը՝ դատարանին անհայտ պատճառներով: Դատական նիստին ներկա պաշտպանները հայտնեցին, որ բացակա պաշտպաններից շատերը գտնվում են դատարանի շենքում և խոչընդոտվում է նրանց մուտքը նիստերի դահլիճ: Փաստաբան Հայկ Ալումյանը հրաժարվեց բացել պայուսակը՝ դատական դեպարտամենտի աշխատակիցներից պահանջելով հայտնել, թե ինչ արգելված իր են փնտրում։ Նրանք հրաժարվեցին հրապարակել արգելված իրերի ցուցակը՝ նշելով, որ այդպիսին կարող է համարվել ցանկացած մետաղական իր։ Ի պատասխան Հայկ Ալումյանը հրաժարվեց դատարան մուտք գործելուց։ Դատական նիստը մեկնարկեց 45 րոպե ուշացումով։ Դատարանն ընթերցեց կարգադրիչների կողմից կազմված արձանագրությունները, համաձայն որոնց՝ զննության ժամանակ պաշտպաններ Արայիկ Պապիկյանի, Արա Զաքարյանի, Մուշեղ Շուշանյանի պայուսակներում մետաղական իրի առկայության մասին ազդանշան է գրանցվել: Ըստ արձանագրության՝ պաշտպանները հրաժարվել են ցույց տալ կամ ազատվել մետաղական իրից: Նույն արձանագրությունների վրա պաշտպանները գրառումներ են կատարել, որ իրենց խուզարկում են: «Ինձ հերթական անգամ ապօրինաբար թույլ չի տրվում մտնել դատարանի դահլիճ: Դուք պարտավոր եք միջոցներ ձեռնարկել, եթե չեք կարողանում, ինքնաբացարկ հայտնեք»,-գրառել էր Արայիկ Պապիկյանը: Արձանագրության վրա գրառում էր արել նաև պաշտպան Արա Զաքարյանը. «Իմ համակարգիչ տեղադրված է պայուսակիս մեջ, իսկ դրա ցույց տալը փաստացի խուզարկություն է, նման գործելաոճն էլ իմ արժանապատվությունը նսեմացնող է: Միաժամանակ խնդրում եմ ինձ գրավոր հայտնել, թե ինչ իրեր կամ առարկաներ են արգելված դատարան բերել»: Պաշտպան Շուշանյանն էլ դատական կարգադրիչի կազմած արձանագրությանը կից գրառել էր, որ կարգադրիչի պահանջն անօրինական է և նախքան զննությունը իրեն չի առաջարկվել ներկայացնել արգելված իրերը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ պաշտպանների վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու: Դատական նիստն ընդմիջվեց մեկ ժամով: 10 րոպե անց դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց ընդմիջում՝ փաստաբանների ներկայացրած պահանջը խորհրդակցական սենյակում քննելու ու որոշում կայացնելու համար։
