Վարչապետն ասում էր՝ բան լինի, զանգեք ինձ, բա ո՞ւր է. Բողոքի ցույց Բագրատաշենի անցակետի մոտ. «Ազատություն»
Բագրատաշենի սահմանային անցակետի հարակից գյուղերի բնակիչներն այսօր վաղ առավոտից հավաքվել են անցակետի մոտ և ժամանակ առ ժամանակ փակում են անցակետով Հայաստան մտնող ճանապարհը, հաղորդում է «Ազատությունը»: Նրանք հայտարարել են, որ քանի որ իրենց թույլ չեն տալիս Վրաստանից փոքր քանակով ապրանք ներկրել, իրենք էլ կփակեն խոշոր ներկրողների ճանապարհը: Ցուցարարներին ներկայացվել է դեռևս 2016-ին ընդունված մի որոշում, որի համաձայն առանց հարկ վճարելու կարելի է ներկրել օրական մինչև 5 կգ ապրանք: Նրանցից մեկը պատմել է, որ իրենց ստիպում են մաքսազերծում անցկացնել մթերքը, իսկ դա նշանակում է՝ ամեն կգ-ի համար լրացուցիչ 200 դրամ վճարել: «Ես 50 կգ կորոլյոկ եմ բերում: Վրաստանի կողմում 100 դրամ արժի, իսկ Հայաստանում արդեն դառնում է 300 դրամ»,-նշեց ցուցարարներից մեկը: Մեկ այլ գյուղացի էլ նշեց, որ գրեթե ամեն ինչն էժան է Վրաստանում, իրենք գնում են էժան ապրանք բերելու, բայց չեն թողնում. «Կարեն Կարապետյանը հայտարարում էր՝ բան լինի, զանգեք ինձ, զանգեք թեժ գիծ, բա ո՞ւր ա»:
