Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը
Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը պատրաստ է աջակցել երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինին, եթե վերջինս նման հարցով դիմի իրենց,այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է դեսպանության մամուլի հարցերով կցորդ Դենիս Ապաշկինը: «Դեսպանությունը կապի մեջ է Լապշինի փաստաբանի և նրա բարեկամների հետ: Իրավունք չենք վերապահում մեկնաբանել ադրբեջանական դատարանի որոշումը: Դեսպանությունն իր լիազորությունների շրջանակում հետագայում էլ մասնակցելու է Լապշինի իրավունքների պաշտպանությանը»,- ասել է Ապաշկինը: Մեկնաբանելով Լապշինի հնարավոր արտահանձնման հարցը՝ նա հիշեցրել է, որ ՌԴ և Ադրբեջանի միջև կնքվել է դատապարտյալների փոխանցման պայմանագիր, որը ենթադրում է, որ այդ անձինք պետք է պատիժ կրեն այն երկրում, որի քաղաքացի են հանդիսանում: «Եթե Լապշինը ցանկանա օգտվել այդ հնարավորությունից, դեսպանությունը կցուցաբերի ամբողջ անհրաժեշտ օգնությունը»,- հայտարարել է նա:
