Լավրովի այցին ընդառաջ ԱԳՆ ժամանեց նաև ԱՄՆ դեսպանը․ Ագնեսա Խամոյան (video)
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր՝ հունիսին 9-ին, ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի այցին ընդառաջ ժամանել է Հայաստանի ԱԳՆ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի Ֆեյսբուքյան էջից:
«Ինչպես գիտեք, Հայաստանում է գտնվում Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը, նա քիչ անց կժամանի ԱԳՆ: «Դիմադրության» շարժման մասնակիցներ արդեն գնվում են այստեղ: Հիշեցնեմ, որ Հայաստան ժամանող բարձրաստիճան հյուրերին մենք հստակ ուղերձ ունենք փոխանցելու. այս իշխանությունները չունեն մանդատ հայ ժողովրդի անունից բանակցելու, հայ ժողովրդին նոր զիջումների տանելու»,- ասաց նա:
Ինչպես երեւում է Խամոյանի հրապարակած տեսանյութում, ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել ԱԳՆ շենքի մոտ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի պաշտոնական այցով ժամանել է Երեւան։ Նախարարն Երեւան է ժամանել Անկարայից, որտեղ բանակցություններ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: Հինգշաբթի նախատեսված են Լավրովի բանակցություններն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, հանդիպումներ ՀՀ վարչապետի ու նախագահի հետ։ Ուրբաթ ՌԴ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։
