Ի՞նչ իմանամ, սարքել են, թե փողոցի խոսակցությունը բերել են ԱԺ. Առաքել Մովսիսյան
«Ես չեմ հավատում, որ Մհեր Սեդրակյանը լրագրողներին ինչ-որ բան ասած լինի, երևի իրա լեզուն ճիշտ չեն հասկացել»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Դիտարկմանը, թե կա տեսանյութ, պատգամավորը պատասխանեց, որ ինքը չի տեսել նման տեսանյութ ու հավատում է իր ընկերոջը և գործընկերոջը. «Չեմ կարծում՝ ինքը նման մասսայական տեղերում նման կերպ պահեր իրեն»: Հարցին՝ լրատվամիջոցնե՞րն են ստում, պատգամավորն այսպես արձագանքեց. «Էնքան ա եղել, ես բան չեմ ասել, իմ մասին գրել են, ես ի՞նչ իմանամ՝ սարքե՞լ են, թե՞ փողոցի խոսակցություն ա, բերել են, Ազգային ժողով են մտցրել: Իմ վրա էլ են սարքում, իմ ասածները նորմալ չեն գրել, ինչ պետք ա՝ էն են գրել»: Դիտարկմանը, թե գրելու դեպքում հնարավոր է փոխել խոսքը, բայց այս դեպքում կա տեսանյութ, Ա. Մովսիսյանն այսպես պատասխանեց. «Կարող ա՝ փողոցում մեկին մի բան ասած լինի, կտրել են. տենց են սարքել»: Առաքել Մովսիսյանը դժգոհեց, թե իր խոսքերն էլ հաճախ փոփոխում են. «Ի՞նչ իմանամ, սարքել են, թե փողոցի խոսակցությունը բերել են Ազգային ժողով»,-ասաց նա: Նշենք,որ լրագրողներն Ազգային ժողովում ստորագրահավաք են սկսել ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ լրագրողների նկատմամբ ցուցաբերած պահվածքի: ԱԺ-ում նա տեսնելով լրագրողների խմբին՝ նրանց «նախիր» էր անվանել:
