Մեջլիսի լիագումար նիստում քննարկվել է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը
Թուրքական Diken գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի սահմանադրական հանձնաժողովի կողմից ընդունված, մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը, որն այսուհետ արգելելու է նաև ամբիոնի մոտից բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, քննարկման է դրվել լիագումար նիստում: Փաթեթին դեմ հանդես եկող քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Օզգյուր Օզելը, մոտենալով ամբիոնին, ի նշան բողոքի այն ծածկել է սև կտորով: Պատգամավորը հայտարարել է, որ ներկայացվող առաջարկը հակասահմանադրական է: «Դուք այս առաջարկով խլում եք պատգամավորների խոսքի ազատությունը: Սա մեջլիսը 250 տարով հետ կտանի»,- հայտարարել է պատգամավորը: Ներքին կանոնակարգի մասին օրենքների փաթեթի քննադատությամբ են հանդես եկել նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները: Պատգամավոր Միթհաթ Սանջարը նշել է, որ ներկայացվող առաջարկը երկու նպատակ ունի. «Առաջինը՝ խորհրդարանում ընդդիմությանը չեզոքացնելն է, առանց ընդդիմություն խորհրդարան ստեղծելը: Երկրորդ նպատակը միաձայն խորհրդարան և հետևաբար միաձայն հասարակություն ստեղծելն է»: Մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթի պաշտպանությամբ են հանդես եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու դրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցությունը: Հուլիսի 25-ին մեջլիսը կշարունակի փաթեթի շուրջ քննարկումները:
