Պուտինի վերջին նախազգուշացումը. Լավրովի համար «օդը փակում» են

Պուտինը սպառնաց Ուկրաինայում «հարվածել այն թիրախներին, որոնք դեռևս հարվածների չեն ենթարկվել»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ եթե Ուկրաինան Արևմուտքից ստանա հեռահար հրթիռներ, ապա «Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնել այն թիրախներին, որոնք դեռևս հարվածների չեն ենթարկվել»: «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցն առաջինն է փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի սկսած լայնածավալ հարձակումից հետո, որը Մոսկվայում անվանում են «հատուկ ռազմական գործողություն»: Նախօրեին հեռուստաալիքը սոսկ մեկ հատված է հեռարձակել հարցազրույցից, որն ամբողջությամբ կցուցադրվի շուտով:

Պուտինը, փաստացի, արձագանքել է Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր տրամադրելու Միացյալ Նահանգների որոշմանը: Նա ասել է, թե այդ մատակարարման հարցում որևէ նոր բան չկա, քանի որ Ուկրաինան արդեն ունի խորհրդային արտադրության նման զինատեսակներ, սակայն եթե դրանց ավելացվեն հրթիռներ, որոնց հեռահարությունը 45-70 կիլոմետրից ավելին է, «ապա Ռուսաստանը եզրակացություններ կանի»: Պուտինը չի հստակեցրել, թե Ուկրաինայում որ թիրախներին կարող է հարվածել ռուսական կողմը: Նրա խոսքով, «զենք տալով Ուկրաինային՝ Արևմուտքը փորձում է ձգձգել այս հակամարտությունը»:

Միացյալ Նահանգները որոշել է Ուկրաինային տրամադրել HIMARS տեսակի (High Mobility Artillery Rocket System) բարձր շարժունակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ընդգծելով, որ Ուկրաինան այդ զենքով չպետք է հարվածներ հասցնի Ռուսաստանի տարածքին: Դրանց հեռահարությունը մինչև 80 կիլոմետր է, սակայն որոշ փոփոխությունների և համապատասխան զինամթերքի կիրառման դեպքում հեռահարությունը հնարավոր է հասցնել 300-500 կիլոմետրի:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին վարչապետ և նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ եթե այդ զենքով թիրախավորվի Ռուսաստանի Դաշնության տարածքը, ապա ռուսական բանակը «հարվածներ կհասցնի որոշումների ընդունման կենտրոններին», որոնց թվում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի գլխավոր շտաբը: Իր Տելեգրամ ալիքում Մեդվեդևն ավելի կոշտ հայտարարություն է արել, նշելով, որ «այդ [որոշումների ընդունման] կենտրոնները գտնվում են Ուկրաինայի սահմաններից դուրս», այդպես ակնարկելով, որ Մոսկվան կարող է հարվածել խնդրի մեջ ներքաշվող որևէ երրորդ երկրի:

Եվրոպական երեք երկրներ փակել են իրենց օդային տարածքը Լավրովի օդանավի համար

Մինչ Պուտինը վերջին նախազգուշացումներն է անում՝ եվրոպական երկրները շարունակում են պատժամիջոցներն արդեն ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ...
Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան փակել են իրենց օդային տարածքը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի օդանավի համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սերբական «Վեչերնե նովոստի» թերթի հրապարակումը: Այդպիսով, ըստ սերբական պարբերականի, Լավրովի՝ հունիսի 6-7-ը ծրագրված այցը Սերբիա «մեծ հարցականի տակ է հայտնվել, սակայն դրանում չկա պաշտոնական Բելգրադի մեղքը»: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի վարչակազմը դեռ չի մեկնաբանում իրավիճակը: Նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ վաղը Վուչիչի հետ հանդիպելու է Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Սերբիա կատարելիք այցի մասին ուրբաթ օրը հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների 7-րդ փաթեթի վրա»

«Սանկցիաները պետք է է՛լ ավելի սուր լինեն՝ գազի վերաբերյալ, որովհետև Ռուսաստանը կարող է դեռ այն վաճառել, SWIFT-ի վերաբերյալ, որովհետև պետք է դրանից անջատել ռուսական բոլոր բանկերը՝ ես առաջին հերթին «Գազպրոմբանկ»-ը նկատի ունեմ», - ասել է Լեհաստանի փոխարտգործնախարարը: Յաբլոնսկու փոխանցմամբ՝ անհրաժեշտ է նաև էմբարգո տեխնոլոգիաների վրա, քանի որ Ռուսաստանը դեռ կարողանում է դրանք ստանալ և օգտագործել: «Սանկցիաներից զատ պետք է նաև ոչ միայն սառեցնել Եվրոպայում ռուսական ակտիվները, այլև դրանք առգրավել: Աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է», - ասել է Յաբլոնսկին Եվրամիության Խորհուրդը հունիսի 3-ին է հաստատել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 6-րդ փաթեթը, որով, մասնավորապես, «հետաձգված էմբարգո» է դրվում ծովային ճանապարհով ներկրվող ռուսական նավթի և նավթամթերքի վրա:

Կիևին ժամանակակից սպառազինություններ տրամադրելու ԱՄՆ-ի որոշումն անհանգստացրել է Մոսկվային

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը երեկ հայտարարեց, որ Ուրկրաինային ժամանակակից սպառազինություններ տրամադրելու ԱՄՆ-ի որոշումը նշանակում է յուղ լցնել կրակի վրա։ «Մենք գտնում ենք, որ Միացյալ Նահանգները ուղղակի և միտումնավոր յուղ է լցնում կրակի վրա։ ԱՄՆ-ն ակնհայտորեն բռնել է Ռուսաստանի հետ մինչև վերջին ուկրաինացին պայքարելու գիծը։ Նման զենքի մատակարարումները Ուկրաինայի ղեկավարությանը չեն քաջալերի վերսկսելու խաղաղ բանակցությունները»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով այցելել է Սաուդյան Արաբիա, այնտեղ այսօր ասել է, թե Ուկրաինային արդիական սպառազինություններ տրամադրելու ԱՄՆ-ի որոշումը «ուղիղ սադրանք» է, և նրա խոսքերով՝ դա մեծացնում է հակամարտությունում երրորդ երկրի ներքաշվելու վտանգը։ Կիևը Արևմուտքին բազմիցս խնդրել է ժամանակակից զենք տրամադրել ռուսական ագրեսիային դիմակայելու համար։ Սպառազինության առավելություն ունեցող Ռուսաստանը անխնա հրետակոծում է Ուկրաինայի բնակավայրերը։

Գերմանիան Կիևին ՀՕՊ համակարգեր կտրամադրի

Գերմանիան Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր կտրամադրի, օրերս Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատում՝ Բունդեսթագում հնչեցրած ելույթում այդ մասին հայտարարել է դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Մենք Ուկրաինային կտրամադրենք նաև հատուկ ռադարներ, որոնց միջոցով հնարավոր կլինի տեղորոշել հակառակորդի հրանոթներն ու հրթիռային համակարգերը։ Սա Ուկրաինայի անվտանգության ապահովմանն ուղղված ևս մեկ որոշում է։ Մենք ճշտությամբ անուն ենք այն ամենն, ինչ հնարավոր է։ Այնպես որ ընդդիմության՝ մեր հասցեին հնչեցվող մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում», - նշում էր Շոլցը Գերմանիայի կանցլերը այս ելույթով հակադարձում էր ընդդիմադիր Քրիստոնյա-դեմոկրատական միության ղեկավար Ֆրիդրիխ Մերցին, որը, դիմելով խորհրդարանականներին, այսօր պնդում էր, թե Բեռլինը խուսափում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել։

Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ավելի արդիական հրթիռային համակարգեր և զինամթերք

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը օրեր առաջ հայտարարեց, որ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ավելի կատարելագործված հրթիռային համակարգեր և զինամթերք, որպեսզի ուկրաինական զորքերն «առավել ճշգրիտ խոցեն մարտադաշտի հիմնական թիրախները»: Երեքշաբթի օրը The New York Times-ի կայքում հրապարակված հոդվածում Բայդենը նշել է. - «Մենք արագ անցանք Ուկրաինային զգալի քանակությամբ զենք և զինամթերք ուղարկելուն, որպեսզի կարողանան կռվել մարտի դաշտում և հնարավորինս ամուր դիրք գրավեն բանակցությունների սեղանի շուրջ»:

Բայդենի վարչակազմը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Ուկրաինա կուղարկի փոքր թվով բարձրտեխնոլոգիական միջին հեռահարության հրթիռային համակարգեր՝ կարևորագույն զենք, որն Ուկրաինայի ղեկավարներն ավելի վաղ խնդրել էին Արևմուտքից: Վաշինգտոնը փորձում է հավասարակշռություն պահպանել՝ մի կողմից օգնել Ուկրաինային հակազդելու ռուսական բանակի հրետանային կրակին, իսկ մյուս կողմից՝ չտրամադրել այնպիսի զենք, որն Ուկրաինային հնարավորություն կտա խոցել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախները, ինչը կարող է սաստկացնել պատերազմը:

Զելենսկին վստահեցնում է՝ ամերիկյան հրթիռներով ՌԴ-ի տարածքներ չեն խոցի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահեցրել է, որ ուկրաինական բանակն ամերիկյան հրթիռները չի օգտագործի ռուսաստանյան տարածքներ խոցելու համար: Newsmax-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ Ուկրաինան հետաքրքրված չէ ռուսական տարածքներով, միևնույն ժամանակ ընդգծել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող հաղթել, և «աշխարհը պետք է դադարի պաշտպանել նրան՝ հատկապես Ուկրաինայում ռազմական հանցագործությունների ֆոնին»։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ այժմ Պուտինը գործնականում մեկուսացման մեջ է, սակայն պատժամիջոցները դեռ ամբողջ ծավալով չեն սահմանված, քանի որ «աշխարհը շարունակում է նրան շանս տալ»։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան օրական կորցնում է 60-100 զինծառայող, ևս մոտ 500-ը վիրավորվում են։ Ուկրաինան երկրի նախագահն անվանել է «պաշտպանական բնագիծ» և «ֆիզիկական արգելք» ռուսական ագրեսիայի համար։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5510 անգամ
Լրահոս
Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել․ «Փաստ» Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների և հրթիռների հարվածների Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է 3 ՀԷԿ ունեցող սրբազանը հեռացավ պաշտոնից. Կաթողիկոսի դեմ արշավից -1 Կրքերը չեն հանդարտվում․ գիտաշխատողները Ժաննա Անդրեասյանից հստակեցումներ են պահանջել. «Հրապարակ» ՔՊ-ն փորձում է իրեն ապահովագրել. «Հրապարակ» #ՈՒՂԻՂ․ Սյունիքը արհամարհել ու մերժել է Նիկոլին․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ Սիսիանից Խաչատուր Սուքիասյանը փող է, որ շփում է. «Իրավունք» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն ԵՄ-ն չի ցանկանում ակտիվորեն մասնակցել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմին. Կալաս Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. «Հրապարակ» Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում Նա կարգին է, hույս ունեմ, որ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը. Բաղայի Եկեղեցին հորդորում է հաճախ խոստովանել մեղքերը և Սուրբ Հաղորդություն ընդունել. Հայր Զաքարիա ԱՄԷ-ի ափերի մոտ տանկեր է hարձակման ենթարկվել Աֆղանստանի վրա Պակիստանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի «Օրը գա, աչքս տեսնի». ի՞նչ է խոստացել Ջերմուկի Արսենյանի որդին Փաշինյանին․ «Իրավունք» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞…. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Առուշը Առուշանյանը որոշել է երկու լարի վրա խաղալ. «Հրապարակ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում ՔՊ-ականների ժեստերի հետ. «Փաստ» Փոխմարզպետ Գրիգորյանը 11 մլն դրամ անանուն նվիրատվություն է ստացել. «Ժողովուրդ» Թորոսյանի «մեգանախարարության» նախագիծը իշխանության սեղանին. «Ժողովուրդ» Մեկ տարվա լռություն ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի գործով. «Ժողովուրդ» Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am