Կանգնած ենք լուրջ խնդրի առաջ․ կառավարությունից պատասխանի ենք սպասում․ «Հաղթանակ» թաղամասի բնակիչներ (video)
«Հաղթանակ» թաղամասի բնակիչներին Կառավարության ընդունարանում խոստացել են ընթացք տալ իրենց բարձրաձայնած հարցին, սակայն բնակիչները պետք է գրավոր դիմում ներկայացնեն Կառավարություն։
«Կառավարությունում ներկայացրեցինք խնդիրը, մեզ ասացին, որ խնդիրը իրավական լուծում ունի, բայց պետք է գրավոր ձեւով ներկայացնենք։ Մեր դիմումը ներկայացնելուց հետո 15–օրյա ժամկետում Կառավարությունից պատասխան պետք է ստանանք»,– Կառավարության ընդունարանից դուրս գալով՝ ասաց «Հաղթանակ» թաղամասի բնակիչ Գեղամ Գլասյանը։
Բնակիչները այս հարցով նախկինում քննարկումներ են ունեցել նաեւ Կադաստրի կոմիտեում եւ քաղաքապետարանում, սակայն նրանց խոսքով՝ հանցավոր անգործության արդյունքում գործին ընթացք չի տրվել։
«Այսօր մենք խնդրի առաջ ենք կանգնել. սեփական հողը տնօրինելու իրավունքից զրկված ենք»,– շեշտեց Գեղամ Գլասյանը։
«Հաղթանակ» թաղամասի բնակիչները մտավախություն ունեն, որ Կառավարությունը կարող է մի օր ասել, որ այդ հողերն իրենց չեն պատկանում, քանի որ հիմա գույքահարկ չեն վճարում։
«Դրա համար էլ այսօր ոտքի ենք կանգնել, բացի այդ՝ հայտարարում էին, թե Երեւանում գյուղատնտեսական նշանակության հող գոյութուն չունի, բայց նախկինում 1 քառակուսի մետրի համար վճարում էինք 2500 դրամ, հիմա պետք է վճարենք 10 500։ Սա ապօրինի որոշում է»,– ասաց «Հաղթանակ» թաղամասի բնակիչը։
